Նախագահի հետ հանդիպման գնալը ոչ միայն մարդու տեսակը չի փոխում, այլեւ քաղաքական տեսակետը. Թեւան Պողոսյան
ИнтервьюՔաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում` նաեւ ընդդիմադիրներ, ընդունելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, հանդիպում են վերջինիս հետ: Հանդիպման թեման հասարակության ուշադրությանը ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն է: Հիշեցնենք, որ մինչ այժմ երկրի ղեկավարի հետ հանդիպել են ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատները», չեն հանդիպել «Ժառանգություն» կուսակցության, ինչպես նաեւ տվյալ խմբակցության ներկայացուցիչները:
Թե որն է պատճառը, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները չեն հանդիպել Ս. Սարգսյանի հետ, Orer.am-ը ճշտեց տվյալ խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից: «Հանդիպման չգնալու ո'չ դրական ու ո'չ էլ բացասական կողմերը չեմ ցանկանում քննարկել, պարզապես նշեմ՝ որոշում է կայացվել, ըստ որի՝ հանդիպում «Ժառանգություն» խմբակցության եւ նախագահի միջեւ պետք է տեղի չունենա»,- նշեց պատգամավորը:
Թեւան Պողոսյանը, համեմատական անցկացնելով 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունների միջեւ, նկատեց. «Ես ուրախ եմ, որ «Ժառանգություն» խմբակցությունը 2014 թվականին կարողացավ կազմակերպել մեծ ու բուռն քննարկում, որի ժամանակ իր տեսակետն ու պահանջները ներկայացրեց: Հուսով եմ, որ դեռ կլինեն տարբեր առիթներ, որի ժամանակ էլ կհնչեցվեն ձեւավորված կարծիքները: Մենք կասենք, թե ինչ մտավախություններ կամ առաջարկներ կան՝ կապված սահմանադրական փոփոխությունների նախնական տեքստի վերաբերյալ»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը՝ հավելելով, թե ամուր գործընթացը պետք է մի փոքր այլ կերպ ընթանար: «Միգուցե, հարկավոր էր, որ տարբեր այլ մեխանիզմներ օգտագործվեին եւ խնդիրն այլ դաշտում քննարկվեր, սակայն այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Հուսով եմ, որ ապագայում բոլոր տեսակետները կարդարացնեն եւ հնարավորություն կլինի բացատրել, թե որ գաղափարին կամ մոտեցմանն ինչ կերպ ենք վերաբերվում»,- ասաց նա:
Իսկ հասարակության կողմից հնչեցված այն քննադատությութնների վերաբերյալ, թե քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիրները, չպետք է հանդիպեին Սերժ Սարգսյանի հետ պատգամավորը զարմանք արտահայտելով նշեց, որ եթե քաղաքական ուժը ընդդիմադիր է, ապա դա չի նշանակում, որ այլեւս որեւէ պետական ներկայացուցչի հետ պետք է չհանդիպի: «Ընդհակառակը, քաղաքական ուժը պետք է քննարկի եւ իր տեսակետը տեղ հասցնի: Դա ոչ միայն մարդու տեսակը չի փոխում, այլեւ քաղաքական տեսակետը»,- ասաց վերջինս:
Սոսե Չանդոյան