Ինչո՞ւ լցվեց Կարապետ Ռուբինյանի համբերության բաժակը
ИнтервьюՔաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները, ինչպես միշտ, բուռն քննարկումների եւ հետաքրքիր զարգացումների տեղիք են տալիս: Վերջին հետաքրքիր զարգացումներից էր օրերս ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանի Facebook սոցիալական ցանցում ՀՀՇ-ին ուղղված բաց նամակը, որտեղ նա հայտնում էր կուսակցությունից դուրս գալու իր որոշման մասին: Ընդդիմադիր գործիչն այդ նամակում նշում էր նաեւ, որ ՀՀՇ-ն հուլիսի 17-ի համագումարում կուսակցության վարչության ընտրությունը կեղծվել է:
Հասկանալու համար, թե ինչու Կ. Ռուբինյանը գնաց այդ քայլին, ո՞րն էր հիմնական եւ իրական դրդապատճառը եւ ինչո՞ւ հիմա լցվեց նրա համբերության բաժակը, Orer.am-ը զրուցեց վերջինիս հետ: «Արդեն երկրորդ անգամ է, որ նման բան է տեղի ունենում, որից հետո էլ լցվեց իմ համբերության բաժակը: Առաջին հանդիպումից անցել են ամիսներ, հավանաբար, հիշում եք, որ Բաղրամյան 26 կատարած առաջին այցելության ժամանակ կրկին նմանատիպ ֆոտոսեսիաներ կազմակերպվեցին՝ ասելով, թե Սերժ Սարգսյանը դաշտում քաղաքական կոնսուլտացիաներ է անում եւ այլն: Հիմա էլ ասում են՝ ամեն ինչ սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակում է»,- վրդովմունք արտահայտեց Կարապետ Ռուբինյանը:
Ըստ նրա՝ նախագահական այցելած իր նախկին կուսակիցներն առանց որեւէ քննարկման եւ որոշման են գնացել այդ քայլի: «Առանց որեւէ քննարկման եւ որոշում կայացնելու մարդիկ գնում են հանդիպելու»,- նշեց Կ. Ռուբինյանը՝ հետևյալ գնահատականը տալով տեղի ունեցածին: «Իմ գնահատականը տեղի ունեցածի հետ կապված հետեւյալն է` տեղի ունեցածն անթույլատրելի է, որովհետեւ դա պարզ հարմարվողականություն է: Ես կարծում եմ, որ Հայաստանում ձեւավորված ռեժիմի դեմ պետք է պայքարել, այլ ոչ թե գնալ ինչ-որ համաձայնությունների»,- նշեց վերջինս:
Հիշեցնենք, որ արդեն նախկին ՀՀՇ-ականը քսան տարուց ավելի անդամակցում էր տվյալ կուսակցությանը:
Սոսե Չանդոյան