Նոր Սահմանադրության ընդունումն իշխանական վերնախավից շատերի սրտով չէ. Ահարոն Ադիբեկյան
ИнтервьюՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ պետության համար այսօրվա դրությամբ ամենակարեւոր հարցերի շուրջ հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: Այսօր կարեւոր թեմաների թվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ինչպես գիտենք, նախագահի հետ հանդիպումները միշտ էլ թողնում են իրենց ազդեցությունն այս կամ այն կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաեւ տվյալ քաղաքական ուժի էլեկտորատի վրա:
Թե հերթական հանդիպումներն ինչպես կազդեն քաղաքական ուժերի հետագա քայլերի եւ հանրության տեսակետի ձեւավորման վրա, Orer.am-ը ճշտեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի հետ, ով, համեմատական անցկացնելով նախկինում տեղի ունեցած հանդիպումների միջեւ, նշեց, որ ամեն մեկը` թե' կազմակերպություն, թե' անհատ, ունի իր ազդեցության դաշտը: «Նախագահը, հանդիպելով նրանց, փորձում է ներազդել այդ դաշտի վրա: Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված այդ հանդիպումները կտան իրենց արդյունքները»,- ասաց վերջինս:
Իսկ, թե ում շահերից բխող եւ ինչ արդյունքների մասին է խոսքը, սոցիոլոգը մանրամասնեց. «Պատկերացրեք, երբ կիսաընդդիմադիր ուժի էլեկտորատն իմանում է, որ այն ուժի ղեկավարը, որի գաղափարները նա կիսում է, հանդիպել ու խոսել է երկրի ղեկավարի հետ, այս դեպքում նրա կարծիքը կարող է շեղվել դեպի նոր Սահմանադրության ծրագիրը: Նախագահի այս քայլը կարող է իր համար դրական ազդեցություն ունենալ միայն իր կարծիքում տատանվող անձանց մոտ: Ինչ վերաբերվում է նախագահին, ապա ասեմ, որ նախագահը կոնկրետ նպատակ չունի, որ նոր Սահմանադրությունն անցնի: Նա ասաց հետեւյալը` կլինի այնպես, ինչպես ժողովուրդը կքվեարկի: Պետք է հասկանալ, որ եթե դերակատարները մնում են նույնը, այսինքն՝ ՀՀԿ-ն մնում է իշխանության գլուխ, ապա այդքան էլ էական չէ՝ կընդունվի՞ Սահմանադրության փոփոխված տարբերակը, թե՞ ոչ»:
Ահարոն Ադիբեկյանը ուշադրություն հրավիրեց ոչ միայն հանրության կարծիքի ձեւավորման վրա, այլեւ իշխանություններից շատերի քվեարկությանը: Ըստ նրա՝ իշխանությունների շարքում էլ կարող են լինել տատանումներ՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, քանի որ դա շատերի շահերից չի բխում: «Եթե ասենք, որ իշխանական խավն ամբողջությամբ իր ձայնը կտա նոր Սահմանադրությանը, շատ կասկածելի կլինի: Այս դեպքում շատ բան կախված է ընդդիմության արձագանքից: Եթե ՕԵԿ-ը կամ «Բարգավաճ Հայաստանը» թեկուզ քայքայված վիճակում կողմ լինեն այդ փոփոխություններին, հնարավոր է, որ Սահմանադրության նոր տարբերակը ստանա պահանջվող քվեները»,- ասաց Ադիբեկյանը:
Սոսե Չանդոյան