«Մերսեդեսի» վրա «Զապորոժեցի» շարժիչ չեն դնում. Բ. Պիպոյանը՝ տրանսպորտային միասնական համակարգի ներդրման մասին
ИнтервьюԱյսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Արմենպրեսին» տեղեկացրել է, թե այս պահին Երևանում քաղաքային տրանսպորտի միասնական քարտային համակարգի ներդրման հարցն է քննարկվում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով նաև տրանսպորտի թանկացման հարցն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ է, Orer.am-ի հետ զրույցում, ասաց, որ թեև արդեն մեկ տարի է, ինչ նշված հանձնաժողովը նիստ չի գումարել, բայց եթե բարեփոխում անելու կամք կա, ապա դա շատ արագ հնարավոր է իրականացնել, բայց շատ կարևոր է հասկանալ, թե տվյալ համակարգն ինչի համար է ներդրվում և այն խնդիրները, որոնք հետագայում կարող են առաջանալ, ռիսկերի գնահատում անցե՞լ են, թե՞ ոչ: «Մասնավորապես, պետք է պարզել՝ եթե մենք անցնում ենք քարտային համակարգի, դա մեզ ի՞նչ կտա, երկրորդ՝ քարտային համակարգի անցումը որոշակի ծախսեր է ենթադրում, որը կհանգեցնի ինքնարժեքի թանկացման: Այսինքն՝ մենք այդ ծրագիրն իրականացնում ենք արտերկրից ֆինանսավորողի գումարներո՞վ, թե՞ այն իրականացվելու է սպառողների հաշվին»,- հարց է բարձրացնում Բ. Պիպոյանը:
Նրա խոսքով՝ նախկինում ևս նման հարց տրանսպորտի թանկացման հարցերով զբաղվող հանձնաժողովը, սակայն դրան որևէ մեկը լուրջ չի վերաբերվել, քանի որ տրանսպորտային ոլորտի խնդիրները շատ են: «Ոչ ոք չի ասում բարեփոխում չանենք, բայց անցումային ժամանակահատվածում քարտային համակարգին անցում կատարելով ռեֆորմ իրականացնելը նույնն է, թե «Զապորոժեց» մակնիշի մեքենայի շարժիչով «Մերսեդես» շահագործման հանձնվի: Ամեն ինչը պետք է զուգահեռաբար արվի: Ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան և նախ պետք է դրանք լուծել: Պետք է վերանայվեն շարժակազմերը, տրանսպորտային ամբողջական ցանցերը: Բացի այդ՝ անհրաժեշտ է ծանրաբեռնվածության համաչափ բաշխում և գրաֆիկների կարգավորում իրականացնել: Դրանից հետո նոր կարելի է մտածել քարտային համակարգի մասին»,- ասում է Բ. Պիպոյանը: