«Տավուշցին նման բաներից ո'չ վախեցող է, ո'չ էլ մինչև հիմա երբևէ խուճապի մեջ է ընկել». Ա. Հովհաննիսյան
ИнтервьюԱրդեն երկու օր է, ինչ ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել է: Սեպտեմբերի առաջին օրերին հակառակորդը հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը` գնդակոծեց Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Բաղանիս, Ոսկեվան գյուղերը` վնասելով բազմաթիվ տների տանիքներ ու պատուհանների ապակիներ: Գնդակոծության արդյունքում վիրավորվել են նաև խաղաղ բնակիչներ, որոնց վիճակը բժիշկները բավարար են գնահատում:
Տեղի ունեցած միջադեպերի մասին երեկ կեսօրին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ իրավիճակն այդ պահին հանգիստ է, սակայն երեկոյան կողմ հայտնի դարձավ, որ իրավիճակն այդքան էլ հանգիստ չի եղել:
Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում խուճապային իրավիճակ է սկսվել: Ի՞նչ իրավիճակ է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում և արդյո՞ք նշված ուղղությամբ հակառակորդը կրկին շարունակում է հրադադարի ռեժիմը խախտել և հարվածի տակ պահել խաղաղ բնակիչներին: Այս և այլ հարցերի մասին պարզաբանումներ ստանալու համար Orer.am-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ այս պահի դրությամբ հրադադարի խախտումների թիվը կրկին նվազել է և իրավիճակը վերահսկելի է: «Այսօր մի քանի կրակոց է եղել: Գյուղերի գնդակոծման դեպքերը մենք չենք մեկնաբանում, բայց կարող եմ ասել, որ գյուղերում տեղի ունեցածներն իրենց մասշտաբով աննախադեպ չի կարելի համարել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, որ ստեղծված իրավիճակից հիասթափվելու կամ վախենալու խնդիր ընդհանրապես չի կարող լինել, քանի որ տավուշցին նման բաներից ո'չ վախեցող է, ո'չ էլ մինչև հիմա երբևէ խուճապի մեջ է ընկել: «Մենք շատ հարցեր չենք կարող մեկնաբանել, բայց ևս մեկ անգամ վստահեցնում եմ, որ հակառակորդը իրեն արժանի հակահարվածը ստանում է, իսկ թե ինչքան դա կտևի և ինչ դրդապատճառների հետևանքով է հակառակորդը կրկին ակտիվացել, չեմ կարող ասել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: