Փաստաբանը պնդում է` ապացույցները ձեռք են բերվել օրինական ճանապարհով
ОбществоԵրեկ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի և Նազելի Վարդանյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու դատախազի որոշման օրինականության վերաբերյալ դատական նիստը: Տեղեկացնենք, որ փաստաբանների նկատմամբ հարուցված քրեական գործը վերաբերում է երկու տարի առաջ նրանց կողմից դատարանում հրապարակված նյութերին:
Ինչպես ներկայացրեց Ն. Բաղդասարյանը, խոսքը իր եւ Ն. Վարդանյանի պաշտպանյալի շահերից բխող ձեռք բերած փաստաթղթի մասին է. «Տվյալ փաստաթուղթը վկայում էր, որ գործով վկան հոգեկան հիվանդություն ունի և նրա ցուցմունքը չի կարող հիմք հանդիսանալ մեր պաշտպանյալին մեղադրելու համար»: Փաստաբանը նաեւ հայտնեց, որ փաստաթուղթը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, բացի այդ՝ վկայի հոգեկան խնդիրներ ունենալու մասին տեղեկատվությունն առաջին անգամ իրենց կողմից չի հրապարակվել. «Ես հավանաբար 10-րդ մարդն եմ եղել, ով խոսել է այդ մասին: Մինչ իմ կողմից փաստաթղթի հրապարակումը, բոլորն այդ փաստաթուղթը հրապարակել են, բայց այդ հանգամանքն իրենք քննության առարկա չեն դարձրել»:
Խոսելով այսօր արդեն փաստաբաններին առաջադրված մեղադրանքի մասին (ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 144, այն է` մարու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը)՝ փաստաբան Բաղդասարյանը զարմանք արտահայտեց՝ դիմելով դատախազ Էլիզբարյանին: «Արդյո՞ք մենք, հանդիսանալով ամբաստանյալի պաշտպանները, պարտավոր չէինք այդ ապացույցներն օգտագործել օրենքով բոլոր չարգելված միջոցներով: Անհնար է փաստաբանական գործունեությամբ զբաղվել ու չփնտրել ապացույցներ, չհրապարակել դրանք ու չտեղեկացնել հանրությանը»,- ասաց Ն. Բաղդասարյանը՝ մեջբերելով Փաստաբանության մասին ՀՀ օրենքի հոդված 19-ի 1-ին մասի 1-ին կետը, այն է՝ «Փաստաբանը պարտավոր է ազնվորեն պաշտպանել վստահորդի իրավունքները և շահերը ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով»:
Ըստ փաստաբանի՝ վերը նշված փաստաթուղթը իրենք ձեռք չեն բերել անձնական միջոցներով, այլ միջնորդել են դատարանին, որն էլ ապացույցը պահանջել է համապատասխան մարմնից: Սակայն, ինչպես պարզ դարձավ, դատարանն ապացույցը տրամադրելիս ուղեկցական գրություն չի գրել, ինչն էլ դարձել է խնդրո առարկա եւ ինչի պատճառով էլ քննչական մարմինը ձեռք բերված փաստաթուղթը համարել է անօրինական կերպով ձեռք բերված ապացույց եւ քրեական գործ հարուցել փաստաբանների նկատմամբ:
Փաստաբանների նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքրքիր զարգացումների մասին Orer.am-ը կտեղեկացնի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:
Սոսե Չանդոյան