Սահմանամեձ գյուղերի բնակչության շրջանում բոլորի «դուխը» տեղն էր. ՔՊ կուսակցության անդամ Կարո Ղուկասյան
ОбществоՍեպտեմբերի սկզբին հայ ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և փորձում օգնություն ցուցաբերել բնակիչներին: Ինչպես հայտնում է Orer.am-ը, այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին ՔՊ կուսակցության անդամները:
ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերի բնակչության շրջանում խուճապ չկա: «Բնականաբար, անհանգստանում են երեխաների, ընտանիքի անդամների համար, բայց խուճապի մասին խոսք չկա»,- ասաց նա: Վերջինս նաև ասաց, որ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ իրենց մենակ են զգում: «Իրենք կարծում են, որ Երևանում կամ մյուս գյուղերում իրենց խնդիրներով որևիցե ձևով չեն մտահոգվում: Դա միակ բացասական էմոցիան էր՝ կարելի է ասել: Պետք է այսպիսի այցեր շատ լինեն, որ բնակիչները իրենց մենակ չզգան»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նաև մտահոգություն հայտնեց սահմանամերձ Բերքաբեր գյուղի ճանապարհի անվտանգության վերաբերյալ: «Բերքաբեր գյուղի ճանապարհը գտնվում է սահմանին շատ մոտ: Գյուղապետը իր միջոցներով սարի մեջ ճանապարհ էր բացել, սակայն դա փակում էր միայն ճանապարհի ամենավտանգավոր մասը: Կրակոցների ժամանակ ճանապարհը դառնում է շատ վտանգավոր ու գյուղը կտրվում է Հայաստանից ու այդ ճանապարհով հնարավոր չէ անցնել-դառնալ»,- տեղեկացրեց նա:
ՔՊ կուսակցության անդամ Կարո Ղուկասյանը, ներկայացնելով իր տպավորությունները, ասաց, որ կային տներ, որոնք տեսնելիս հարց էր առաջանում, թե ինչպես էին այդտեղ մարդիկ ապրում: «Տան կտուրներն էին վնասված, կարելի է ասել՝ կտուր չկար: Հիմնականում մարդկանց մոտ բողոք էր, որ պետության տված գումարով միայն չեն կարող նորոգել տները և պետք է իրենց գրպանից ևս ավելացնեն»,- ասաց նա: Բանախոսը նաև նշեց, որ կրակոցների ժամանակ երեխաներին դպրոցից ու մանկապարտեզից էին հանում: «Երեխաներին էին տանում դպրոցներից, դա բնական է, բայց բնակչության շրջանում տարհանում, խուճապ չկար, բոլորի դուխը տեղն էր»,- հավելեց վերջինս:
Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ այցի ընթացքում տեսան, որ տներին վնասներ են հասցվել ու օգտագործվել են խոշոր տրամաչափի զենքեր: «Մարդիկ, որքան էլ, որ տարօրինակ է՝ բողոքում էին ոչ թե ռմբակոծությունից, այլ սոցիալական վիճակից, որն այնտեղ տիրում է: Անցած տարի, երբ այցելեցինք սահմանապահ գյուղեր, դրանից հետո օրենք առաջարկեցինք, որ մեծ արտոնություններ տան այդտեղ ապրողերին: Ինչ-որ չափով սոցիալական խնդիրները լուծվեցին, բայց դրանք բավարար չեն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այնտեղի ապրողները չգնան, որովհետև դիրքում կանգնողները առավել վստահ են իրենց զգում, երբ գիտեն, որ իրենց թիկունքում կա խաղաղ բնակչություն: Եթե նա զգա, որ իր թիկունքում մարդիկ չկան, այդ մոտիվացիան, հնարավոր է, շատ ավելի թույլ լինի»,- ասաց բանախոսը:
Կապ հաստատվեց նաև Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ, ով նշեց, որ այսօր խախաղ է եղել: «Կրակոցներ երեկոյան են եղել, բայց մեծ ավերածություններ չկան: Սեպտեմբերի սկզբին վիճակը լարված էր, մի քանի տասնյակ ականներ թափվեցին գյուղի վրա, մարզպետի հանձնարարությամբ կազմել ենք խումբ, շրջել ենք գյուղում, վնասներն ենք գրանցել, մոտ 19 տուն վնասվել է, մոտ 500.000 դրամի կարգի վնասներ, որի փոխհատուցումը սպասում ենք կառավարությունից: Անցած տարիներին վնասները ամբողջությամբ փոխհատուցվել են: Մենք զգում ենք, որ մեր կառավարությունը մեր կողքին կանգնած է»,- ասաց Չինարիի գյուղապետը:
Անժելա Պողոսյան