131 պատգամավորների մի մասի մտավոր պոտենցիալը չի հերիքում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար. Կարեն Վարդանյան
ИнтервьюՀՀ-ի համար թերեւս ամենազարկերակային հարցերից մեկի` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Orer.am-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Կարեն Վարդանյանի հետ:
-Պարոն Վարդանյան, փորձելով փոխել երկրի կառավարման մոդելը, ի՞նչ խնդիր է լուծում իշխող կուսակցությունն ի շահ ժողովրդի:
-Ակնհայտ է, որ ներկա կառավարման մոդելն իրեն չարդարացրեց, իսկ համակարգային փոփոխությունների մասին հարցը դեռ վաղուց էր բարձրացվում, ընդ որում, բարձրացվում էր հենց ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր դեմ են արտահայտվում նույն մոդելին, ինչին ժամանակին կողմ են արտահայտվել: Հասկանալի է, որ այստեղ զուտ անձերի և անձնական ու կուսակցական համակրանք-հակակրանքների գործոնն է և դեմ արտահայտվողների զգալի մասը դեմ է ոչ թե ի շահ ժողովրդի, այլ միայն նրա համար, որ փոփոխություններն առաջարկողը իրենք չեն, այլ իշխող կուսակցությունն է: Նոր մոդելը անձերի իշխանության փոխարեն առաջնային կդարձնի կուսակցությունների իշխանությունը, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն, այդ թվում՝ իշխող կուսակցությունը, կփորձի իր դիրքերն ամրապնդել, խորհրդարանական ընտրությունների միջոցով մեծամասնություն կազմել: Այսպիսով կլինի ավելի առողջ մրցակցություն, ինչը նաև կարող է շարժառիթ հանդիսանալ, որ կուսակցությունները սկսեն մտածել արդեն նաև իրենց ներսում որակական փոփոխությունների մասին: Մասնավորապես, դրական միտում եմ տեսնում այն բանի մեջ, որ ըստ նոր մոդելի՝ ժողովուրդն այսուհետ կմասնակցի միայն խորհրդարանական ընտրություններին և առաջնայինը կլինի խորհրդարանի կազմը: Բանն այն է, որ 1996 թվականից սկսած՝ Հայաստանում նախագահականը ընտրություններն ուղեկցվել են ընտրակեղծիքներով, յուրքանչյուր ընտրություն հանգեցրել է ցնցումների, խիստ լարված իրավիճակի, անառողջ մթնոլորտի: ԱԺ ընտրությունների դեպքում նույնը չեմ կարող ասել, քանի որ այստեղ հաղթում է ոչ թե մեկը, այլ մի քանիսը, հետևաբար, ընտրակեղծիքների հավանականությունն անհամեմատ քիչ է և ԱԺ ընտրություններն ավելի արդար անցնելու շանսեր ունեն, քան նախագահականը: Նոր մոդելով փաստացի այս հարցը կլուծվի, և այսուհետ կխուսափենք խիստ լարված ու բախումների հանգեցնող իրավիճակներից:
-Արդյո՞ք Հայաստանում մեծամասնական ընտրական համակարգն իրեն սպառել է, որ անհրաժեշտություն է առաջացել անցում կատարել համամասնական ընտրական համակարգի:
-Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այսօր մեր խորհրդարանի 131 պատգամավորների մի մասն ուղղակի կոճակ սեղմող է: Նրանք երբևէ հանդես չեն եկել որևէ օրենսդրական նախաձեռնությամբ, նույնիսկ չեն էլ կարող դա անել, քանի որ պարզապես չգիտեն, թե դա ինչ է, մտավոր պոտենցիալը չի հերիքում: Եվ եթե ուշադրություն դարձնեք, նմանները (օլիգարխներ, թերուսներ), որպես կանոն, պատգամավոր են դառնում հենց մեծամասնական ընտրակարգով: Համամասնականով նրանց անցկացնելը մի քանի անգամ ավելի դժվար կլինի, կարծում եմ, որ նոր սահմանադրությունն ընդունելու դեպքում հաջորդ խորհրդարանում կունենանք անհամեմատ ավելի քիչ օլիգարխներ և թերուսներ: Իհարկե, ցանկալի է, որ ընդհանրապես չունենանք: Մեծամասնականից հրաժարվելու արդյունքում 131-ի փոխարեն կունենանք 101 պատգամավոր: Իսկ ի՞նչ իմաստ ունի 131 պատգամավոր պահելը և նրանց մեր վճարած հարկերից գոյացած բյուջեի հաշվին բարձր աշխատավարձեր տալը, եթե նրանց մի մասը միայն կոճակ սեղմելու ձևը գիտի: Ամենևին էլ վատ չի լինի, եթե ձրիակերների թիվը 30-ով պակասի:
-ՀՀԿ-ին կհաջողվի՞ մինչ հանրաքվեն համոզել հանրությանը, որ դա ավելի շատ բարեփոխում է, այլ ոչ ճիշտ հակառակը: -
Չեմ կարող ասել, թե ՀՀԿ-ին ինչ կհաջողվի կամ ոչ, իրենք երևի ավելի լավ կիմանան: Բայց ո՞վ ասաց, որ Սահմանադրությունը և համակարգային փոփոխությունները միայն ՀՀԿ-ինն են: Դա մերն է: Հետո՞ ինչ, թե ով է առաջարկել: Նույն հաջողությամբ այս նախագիծը կարող էր առաջարկել ցանկացած այլ քաղաքական ուժ, և կարծում եմ, որ «կողմ» և «դեմ» լինողների դիրքորոշումները դրանից չպիտի փոխվեին, չնայած, ցավոք, փոխվել են: Խնդիրը ծանոթանալու մեջ է: Մարդիկ ուղղակի պետք է կարդան, ծանոթանան, իմանան, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը: Բանավեճերի ընթացքում շատ եմ հանդիպել ընդդիմախոսների, որոնք ասել են՝ նույնիսկ չեն էլ կարդացել նախագիծը և չեն էլ ուզում կարդալ, պարզապես դեմ են, որովհետև իշխանությունն է առաջարկել, դեմ են դեմ լինելու համար: Ստացվում է, որ քաղաքական ուժերի, հասարակության մի մասը ոչ թե սեփական գաղափարներով են առաջնորդվում, այլ տարբեր քաղաքական ուժերի, նաև սեփական էմոցիաների ազդեցության տակ են: Թե՛ «դեմ», թե´ «կողմ» լինողը, ըստ իս, պետք է հստակ իմանա, թե ինչու և ինչին է «դեմ» կամ «կողմ»: Իսկ դրա համար մինչև տարբեր կարծիքներ լսելը, նախևառաջ պարզապես ծանոթանալ է պետք, կարդալ, համեմատել:
Սոսե Չանդոյան