Դիզենտերիայով վարակվելու զանգվածային դեպքը չի շրջանցել նաև Ձիթհանքով համայնքի ղեկավարին
ИнтервьюOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում աղիքային վարակիչ հիվանությամբ՝ դիզենտերիայով վարակվելու զանգվածային դեպք էր արձանագրվել: Հիվանդները եղել են տարբեր տարիքի անձինք: Նրանց մի մասը բուժվում է Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում, մի մասն էլ տնային պայմաններում ամբուլատոր բուժում է ստանում:
Հիվանդների առողջական վիճակի մասին նոր տեղեկություններ ստանալու համար Orer.am-ը զրուցեց Ձիթհանքով համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանի հետ:
- Պարոն Պողոսյան, ներկայում ի՞նչ վիճակում են հիվանդները:
- Հիմա լավ են արդեն: 30 հիվանդ ունենինք, 8-ը հիվանդանոցում էին, մնացածը տնային պայմաներում էին բուժվում: Վարակվածների մեջ երեխաներ էլ կան, մեծահասակներ էլ: Ես էլ էի հիվանդացել:
- Իսկ ձեր ընտանիքի անդամնե՞րը:
- Չէ , մենակ ես էի վարակվել:
- Բա ինչպե՞ս է լինում, որ նույն ընտանիքի անդամներից միայն մեկն է հիվանդանում: Նույն ջրից չե՞ք խմում:
- Ես այդ օրը գյուղի տարբեր աղբյուրներից եմ օգտվել:
- Հիվանդները հիմնականում նո՞ւյն թաղամասից էին:
- Հիմնականում գյուղի սկզբնամասի բնակիչներն էին:
- Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ վարակի աղբյուրը խմելու ջուրն է եղել: Հիմա ջրի վիճակն ինչպե՞ս է, ջուրը դեռ վտանգավո՞ր է համարվում:
- Այո´, խմելու ջրից էին վարակվել: Հիմա, ամեն առավոտ սանէպիդկայանի աշխատակիցները գալիս են նմուշառում են վերցնում և ուսումնասիրում են ջուրը: Հիմա արդեն ջրի վճակը նորմալ է:
- Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարղ էր դառնալ վարակի պատճառը:
- Մեր գյուղում ջրագծի պրոբլեմ չկա: Ամեն ինչ նորմալ է, քանդված ոչ մի տեղ չկա ջրագծի վրա, ուղղակի վերևից եկող ջուրն է պրոբլեմ ունեցել: Ի՞նչ պրոբլեմ է եղել՝ չգիտենք: Ջրագծի խնդիր չի, սկզբնաղբյուրի խնդիր է եղել հավանաբար: Ջուրը գետնի տակից դուրս է գալիս ու լցվում է խողովակների մեջ: Գալիս է մինչև ֆիլտրացման, քլորացման համար նախատեսված վայր, որտեղից էլ ջուրը բաժանվում է գյուղերին:
- Ո՞ր ջրամբարից է գալիս ձեր գյուղի ջուրը:
- Չռկաններից, Ալագյազից, խողովակաշարով ջուրը իջնում է գյուղ:
- Ինչպե՞ս պարզվեց, որ գյուղում նման խնդիր կա:
- Դպրոցից զանգահարեցին ու ասեցին, որ երեխաներն իրենց վատ են զգում, փորացավ, սրտխառնոց ունեն: Դրանից հետո խառնվեցինք իրար, ահազանգեցինք համապատասխան մարմիններին, եկան ստուգումներ իրականացրեցին:
- Հիմա ինչպե՞ս է ձեր առողջական վիճակը: Ապաքինվո՞ւմ եք:
- Կաթիլային բուժում էի ընդունում, հիմա արդեն համեմատաբար լավ եմ:
- Բուժման համար գյուղացիներից գումարներ չե՞ն պահանջել:
- Ոչ, բուժումն անվճար է իրականացվել: Ում պետք էր առաջին օգնություն ցույց տալ, օգնեցին, իսկ ում պետք էր հիվանդանոց տեղափոխել, տեղափոխեցին, մնացածին էլ տնային պայմաններում բուժում կազմակերպեցին:
- Առաջի՞ն անգամ էր նման դեպք արձանագրվում Ձիթհանքով համայնքում:
- Այո´:
Orer.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:05-ին, Գյումրու հակատուբերկուլյոզային հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ սուր աղիքային ինֆեկցիայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցի 4 աշակերտ: Քննությամբ պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցի ճաշացանկում եղել է բրնձով ապուր, իսկ 2015թ. սեպտեմբերի 10-ին` հնդկաձավարով փլավ: Նշված ճաշատեսակների և ջրի նմուշներից վերցվել են նմուշներ և նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է գյուղի բնակիչների զանգվածային դիզենտերիայով վարակվելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցվելուն, Քննչական կոմիտեից Orer.am-ին տեղեկացրեցին, որ այս պահին նման տեղեկություն չունեն, սակայն խոստացան ճշտել և տեղեկացնել:
Արմինե Գրիգորյան