Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 200 հազար 401 անձ
ОбществоՀաշմանդամների հաշվառման հանրապետական «Փյունիկ» շտեմարանում հաշվառված է 200 հազար 401 (կանայք կազմում են 48 տոկոսը) հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է ընդհանուր բնակչության 6,6 տոկոսը: Լրագրողների հետ սեպտեմբերի 16-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
«Մեր տեղեկատվական համակարգում հաշվառված է 8047 հաշմանդամ երեխա, որը կազմում է ընդհանուր բնակչության 1,1 տոկոսը: Եթե համեմատենք Ռուսաստանի Դաշնության հետ, ապա այնտեղ հաշմանդամությունը կազմում է ընդհանուր բնակչության 10, 25 տոկոսը, իսկ հաշմանդամ երեխաները` 1, 97 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սողոյանը` հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձանցից 136 հազար 713-ի համար հաշմանդամությունը սահմանված է անժամկետ, իսկ 63 հազար 688 հաշմանդամներ պարբերաբար ենթարկվում են վերափորձաքննության:
Նա նկատեց, որ միայն հիվանդության առկայության դեպքում չէ, որ մարդը համարվում է հաշմանդամություն ունեցող անձ: «Հաշմանդամության կարգ ստանլու համար նա պետք է անցնի համալիր հետազոտում, որպեսզի բժշկասոցիալական ոլորտի փորձագետները համապատասխան որոշում կայացնեն: Մարդու մոտ պետք է առկա լինի նաև կայուն կենսագործունեության խանգարում, խաթարված լինեն ուսումնառության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու, ինքնագործունեության, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու կարողությունները, իսկ երեխաների մոտ էլ` խաղալու կարողությունը»,-շեշտեց Սողոյանը:
Բանախոսն ընդգծեց, որ հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների մեջ գերակշռում են արյան շրջանառության հետ կապված խնդիրները (31,5 տոկոս), հոգեկան հիվանդությունները`10,9 տոկոսը, նորագոյացությունները` 8,3 տոկոսը, նյարդային համակարգի հիվանդությունները` 8,1 տոկոսը, էնդոկրին հիվանդությունները` 7,6 տոկոս, աչքի հետ կապված հիվանդությոնները` 7,3 տոկոս: «Հաշմանդամությունը ստատիկ վիճակ չէ, եթե մարդը ճանաչվեց հաշմանդամ, չի նշանակում, որ էլ հնարավոր չէ որևէ բան անել. վերջին երեք տարիների ընթացքում բավական մեծ աշխատանքներ են տարվում վերականգնողական օգնությունը ապահովելու համար: Յուրաքանչյուր քաղաքացու համար, ով հաշմանդամություն ունի, կազմվում է նաև անհատական վերականգնման ծրագիր»,-նկատեց Սողոյանը:
Անդրադառնալով ոլորտում ընթացող բարեփոխումներին` Արմեն Սողոյանը հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում ներդրվելու է ֆունկցիաների միջազգային դասակարգում, որից հետո հաշմանդամություն ունեցող անձանց համար կկատարվի իրական կարիքների գնահատում և դրանց հիման վրա կատարվելու է ծառայությունների մատուցում: «Հաջորդ տարի ֆունկիցաների միջազգային դասակարգման պիլոտային ծրագիրը կներդրվի մի քանի մարզերում: Մենք իրականացնելու ենք նաև առանձին մանկական ծառայություններ, մշակվում են մեթոդական ուղեցույցներ: Բժշկասոցիալական հանձնաժողովների անդամնե րի շրջանում կիրառվում է ռոտացիոն մեթոդը (որոշակի ժամկետից հետո հանձնաժողովի անդամը փոխարինվում է)` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, ինչը տալիս իր դրական արդյունքները»,-նշեց բանախոսը` հիշեցնելով, որ եթե քաղաքացուն չեն տալիս հաշմանդամության կարգը, ապա նա կարող է վերադասության կարգով բողոքարկել այդ որոշումը:
«Ամեն տարի մեր ծառայությունից դժգոհ է մնում մոտ երեք-չորս հազար հոգի, որից 400-500-ը` վերադասության կարգով բողոքարկում են նախորդ որոշումները: Այս տարվա ընթացքում մեր ծառայության մասով մեր նախարարության թեժ գիծ է զանգահարել 68 անձ»,-նշեց Սողոյանը` հավելելով, որ Առողջապահության և Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարների համատեղ հրամանով սահմանված է, որ առաջարկի դեպքերում անձին բուժող բժիշկը պետք է մասնակցի առաջնային փորձաքննությանը:
Հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարություն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: