Փարատվել է մտավախությունը, թե Հայաստանը հանկարծ առանց պանիր կմնա
ЭкономикаՌուսական ռուբլու արժեզրկումն ազդել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապարանքատեսակների, ինչպես նաև դրանց ծավալների վրա: Գաղտնիք չէ, որ Հայաստանում արտադրված ապրանքներն այնքան բարձր ինքնարժեք ունեն, որ եթե դրանց ավելացնենք նաև արտահանման վրա ծախսվող գումարը, ապա կստացվի այն, ինչ այսօր կա:
Հայաստանում արտադրված ապրանքը մրցունակ չէ ո´չ ռուսական, ո´չ էլ ԵԱՏՄ շուկաներում: Հայկական պանիր արտադրողները նույնպես նման խնդրի առջև են կանգնած և եթե մեկ տարի առաջ Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը մտավախություն էր հայտնել, թե հայ պանրագործները, եթե սկսեն իրենց արտադրած պանիրն արտահանել դեպի ռուսական շուկա, ապա Հայաստանում պանրի դեֆիցիտ կառաջանա և պանրի գինը կտրուկ կբարձրանա: Սակայն, ի ուրախություն պանրասեր հայերի, ռուսական ռուբլու արժեզրկումը մեզ փրկեց հայկական շուկայում հայկական պանրի դեֆիցիտի վտանգից, ավելին այս տարի պանրի գինը անցած տարվա համեմատ նույնիսկ նվազեց:
Այնուամենայնիվ, հայկական պանրի որակն արդյո՞ք բավարարում է Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահանջներին: Պանրագործների միության նախագահն Orer.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում արտադրվող պանիրն ընդհանուր առմամբ միջին որակի է, բայց կան գործարաններ, որոնք արտադրում են բարձր որակի պանիր: «Հայաստանից Ռուսաստան արտահանվող պանրի գերակշիռ մասը համապատասխանում է Ռուսաստանի սննդդամթերքի անվտանգության չափանիշներին, այլ հարց է, թե Ռուսաստանի սպառողը որքանով կսպառի հայկական պանիրը»,- ասում է Արմեն Գիգոյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանած սննդամթերքի թույլատրելի որակի չափանիշներին, ապա Ա.Գիգոյանի խոսքով, դրանց 90 տոկոսը քաղաքական ենթատեքստ ունի, որը, սակայն, չի սպառնում Հայաստանին: Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես պատահեց, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված թառափը թույլ չտրվեց ներմուծել Ռուսաստան, հենց սահմանին ոչնչացվեց ողջ խմբաքանակը և արդյոք նման բան տեղի չի ունենա Հայաստանից Ռուսաստան պանիր արտահանելու դեպքում, Գիգոյանը պատասխանեց, որ թառափը թույլ չտվեցին ներմուծել Ռուսաստան, որովհետև թացն ու չորը խառնել են իրար: «Մտածել են, որ դա Հայաստանից չի Ռուսաստան ներկրվում, այլ ներմուծված է եղել Եվրոպայից: Ինչ վերաբերում է պանրին, ապա չկա նման խնդիր, մեր պանիրները լավն են: Վերջ: Պարզապես Ռուսաստանը միշտ էլ խստացնում է, հետո թուլացնում է: Պետք չէ վախենալ այդ խստացումից»,- ասում է Պանրագործների միության նախագահը:
Արմինե Գրիգորյան