Թուրքիայում բնակվող հայերին հնարավոր չէ ներքաշել թուրք-քրդական լարումների մեջ. Արտակ Զաքարյան
ИнтервьюՀայաստանի հարեւան, բայց ոչ երբեւէ բարեկամ հանրապետություն Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները` թուրք-քրդական բախումները, օրեցօր դառնում են ավելի վտանգավոր: Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, թուրք ազգայնականները քրդերի դեմ պայքարի նոր փուլի են անցել, այն է՝ հայաշատ շրջաններում ցույցերին մասնակցելու կոչերն ու թռուցիկներ բաժանելը:
Թուրք-քրդական լարումների եւ դրանց հետագա զարգացումների վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ, ով կարծում է, որ տեղի ունեցող գործընթացները միտում ունեն մեծացնել լարվածությունը Թուրքիայում: «Ցավով պետք է նշեմ, որ այս գործընթացի խորացման հետ կարող են առաջ գալ նաեւ անցանկալի երեւույթներ: Շատ կարեւոր կլինի, որ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները խաղաղ հանգուցալուծում ունենան: Իմ կարծիքով՝ դա մեր շահագրգռություններից մեկը պետք է լինի, քանի որ Թուրքիան մեզ հարեւան պետություն է: Մենք չենք ցանկանում, որ տարածաշրջանում լարվածությունն ավելանա»,- ասաց նա:
Խոսելով նաեւ հայերին հակաքրդական պայքարի մեջ ներգրավվելու փորձերի մասին՝ պատգամավորը նկատեց, որ հայերին պարզապես հնարավոր չէ ներքաշել տեղի ունեցող զարգացումների մեջ: «Հայերին հնարավոր չէ ներգրավել որեւէ լարվածության մեջ, որովհետեւ յուրաքանչյուր պետության մեջ, այդ թվում նաեւ Թուրքիայում մեր համայնքները մշտապես խաղաղ կարգավորումների եւ խնդիրների լուծման ջատագովներն են եղել ու կլինեն, նրանք երբեք խնդիրներ չեն հարուցել հասարակության եւ պետությունների համար: Հայերը միշտ եղել են օրինակելի քաղաքացիներ»,- նկատեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Հարցին` Թուրքիայում բնակվող հայերն ինչպե՞ս կարող են չենթարկվել թուրք իշխանականների հակաքրդական քաղաքականությանը, պարտգամավորը պատասխանեց, որ Թուրքիայում ապրող հայերը՝ որպես Թուրքիայի քաղաքացիներ, իրենց քաղաքացիական դիրքորոշումը կարող են ունենալ, սակայն չի կարծում, որ հայերին հնարավոր է ներքաշել կամ ներգրավել այդ զարգացումների մեջ:
Սոսե Չանդոյան