Մարզերին մատարակարվող ջրի որակը վաղուց հատել է թույլատրելիի սահմանը
ОбществоՍեպտեմբերի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկություն էր տարածել, համաձայն որի՝ Ձիթհանքով գյուղի դպրոցականների թունավորման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Քննությամբ պարզվել էր, որ 2015թ. սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցի ճաշացանկում եղել է բրնձով ապուր, իսկ 2015թ. սեպտեմբերի 10-ին` հնդկաձավարով փլավ: Նշված ճաշատեսակների և ջրի նմուշներ են վերցվել և նշանակվել է փորձաքննություն: Դրան զուգահեռ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություն էր տարածել, համաձայն որի՝ պարզվել էր, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից: Ավելին, տեղում իրականացված ջրի քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների հետևանքով արձանագրվել են շեղումներ, իսկ հիվանդների մոտ լաբորատոր հաստատվել էր շիգելոզ (դիզենտերիա):
Orer.am-ի թղթակցի հետ զրույցում Ձիթհանքով համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը ասել էր, որ համայնքում դիզենտերիայով վարակվածների թիվը 30 է եղել, որից մեկն էլ ինքն է եղել: Նա նույնպես հաստատել էր տեղեկությունը, որ վարակի աղբյուրը ջրագծից ստացվող ջուրն է եղել: Առողջապահության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ «Հայջրմուղկոյուղի» կազմակերպության հետ համատեղ խստացվել է հսկողությունը խմելու ջրի ցանցի նկատմամբ՝ ապահովելով լիարժեք վարակազերծումը՝ գերքլորացումը:
Դեպքից մոտ մեկ շաբաթ է անցել և պարզելու, թե այս ընթացքում Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում ի՞նչ նոր մանրամասներ են ի հայտ եկել և արդյո՞ք Ձիթհանքովի, ինչպես նաև նույն ջրագիծը սնուցող Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում հայտնաբերված դիզենտերիայի դեպքերը նույնպես տվյալ ջրագծից ստացվող ջրի հետևանք չեն եղել, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն Orer.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռևս քննությունը շարունակվում է և միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը և պատճառները պարզելու ուղղությամբ:
Թեև դեռ պարզ չէ, թե իրականում ինչ նոր մանրամասներ կպարզվեն քննության ընթացքում և ովքեր կենթարկվեն պատասխանատվության, բայց մեկ բան ակնհայտ է, որ մարզեր մատակարարվող ջրի որակը վաղուց հատել է թույլատրելիի սահմանը: Ու չնայած նրան, որ լրատվամիջոնցերը ժամանակ առ ժամանակ անդրադառնում են համայնքներին մատակարարվող ջրի հետ որդերի և այլ միջատների առկայության փաստին, բայց այդ ահազանգերը երկար ժամանակ այն աստիճանի են անտեսվել պատկան մարմինների կողմից, որ հիմա էլ համայնքների բնակիչները կանգնել են դիզենտերիայով վարակվելու վտանգի առջև:
Արմինե Գրիգորյան