Ջերմուկի մոծակների որսի առաջնությունը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը
ОбществоՀունիսի 11-ի կառավարության նիստի ժամանակ որոշում էր կայացվել գյուղատնտեսության նախարարությանը կրկին գումար հատկացնել առողջարանային քաղաք Ջերմուկում մոծակների ու այլ միջատների դեմ պայքարելու համար: Այս անգամ այն կազմել է 15 միլիոն դրամ:
Ի դեպ, Ջերմուկի մոծակների խնդիրը առաջին տարին չէ, որ հայտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Օրինակ՝ անցած տարի նույն այդ նպատակով կառավարությունը նախարարությանը հատկացրել էր 4 մլն 576 հազար դրամ: Դրանից առաջ էլ է պետբյուջեի փողերով պայքար ծավալվել Ջերմուկի մոծակներին վերացնելու համար, բայց տպավորությունն այնպիսին է, որ այդ «միջամտությունից» դրանք ոչ թե պակասել են, այլ ավելացել, քանի որ տարեցտարի մոծակների դեմ պայքարելու նպատակով հատկացված գումարների չափը նվազելու փոխարեն ավելացել է:
Ջերմուկի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ այս տարի 15 միլիոն է հատկացվել, քանի որ վնասազերծվող մակերեսը մեծացել է, քանի որ անցած տարի իրականքաված քարտեզում ճոպանուղու և առողջարանների տարածքներն ընդգրկված չեն եղել: Հիմա, երբ պետք է ճեմուղիները վերանորոգվեն, կարգավորվեն, այդ տարածքները ևս պետք է ընդգրկվեն: Քաղաքապետի խոսքով՝ անցած տարի մոծակազերման աշխատանքներն իրականացվել են միայն քաղաքի բուն կենտրոնական մասում, իսկ այս տարի պետք է բոլոր առողջարաններում և հարակից տարածքներում նույնպես կատարվեն այդ աշխատանքները: Ի դեպ, քաղաքապետը նշել էր նաև, որ մոծակների դեմ պայքարը ոչ թե ուղղաթիռով է իրականացվում, ինչպես խորհրդային տարիներին էր, այլ ձեռքով:
Ստացվում է, որ մոծակների դեմ պայքարի կազմակերպիչները փոխարեն խնդիրը ծնող պատճառները վերացնեն, դրանց հետևանքները վերացնելով են զբաղված և ամենևին էլ նրանց չի հետաքրքրում, որ մոծակ կոչվող միջատը քարտեզով կամ թաղով չի թռչում ու իր որսին էլ ոչ թե էլիտար համարվող քաղաքի կենտրոնական թաղամասում է փնտրում, այլ որտեղ պատահի, ուստի այս հարցում ոչ թե պետք է քաղաքի քարտեզով, այլ ճահիճների ու խոնավ վայրերի քարտեզով առաջնորդվել:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը Orer.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ մոծակների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է բազմակողմանի պայքար իրականացնել: «Պայքարի ձևերից մեկն էլ այն է, որ հարկավոր է նման վայրերում համապատասխան թռչուններ բազմացնել և այդ դեպքում ոչ թե քիմիական, այլ կենսաբանական պայքար ևս կգնա մոծակների դեմ», - ասում է Կարինե Դանիելյանը:
Մասնագետի խոսքով՝ կարևոր է նաև փնտրել և գտնել մոծակների «հենակետը» և այն նույնպես վերացնել, քանի որ միայն քիմիական պայքարով որևէ արդյունքի հասնել չեն կարող և ամեն տարի ստիպված պետք է լինեն բյուջեից գումար հատկացնել մոծակների դեմ պայքարելու համար:
Հիշեցնենք, որ 2013-ին Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ մոծակների դեմ պայքարի համար արված հատկացումներն ըստ էության իրենց նպատակին չէին ծառայել, և պայքարի միջոցառումներն էլ լիարժեք չէին իրականացվել: Հետո էլ հարցնում են, թե բյուջեի գումարներն ո՞ւր են գնում: Չէ՞ որ իրականում մոծակների դեմ ձեռով պայքարել իրականում հնարավոր չէ ու ավելի ճիշտ կլինի, որ բյուջեից հատկացվող գումարները ոչ թե թունաքիմիկատների վրա ծախսվի, այլ ճանճասպան «գործիքի» ու Ջերմուկ մտնող ցանկացած հյուրի ձեռքը մի-մի ճանճասպան տրվի, դեռ ավելին, մոծակներ որսալու առաջնություն կազմակերպվի, ու թե´ տուրզմը կզարգանա, թե´ մոծակները կպակասեն, թե´ պետբյուջեի փողերը կխնայվեն:
Արմինե Գրիգորյան