Բնակիչները չեն կարողանում «Հայփոստի» բաժանմունքներում վճարել իրենց կողմից սպառած հոսանքի վճարները
ОбществоԲնակիչ-բաժանորդները մինչ օրս չեն կարողանում «Հայփոստ»-ի բաժանմունքներում վճարել իրեց կողմից սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները: «Հայփոստի» աշխատակիցները մարդկանց ասում են,որ պատճառն այն է, որ իրենք դեռևս չգիտեն, թե հոսանքի հին, թե նոր սակագնով պետք է գանձումն իրականացնեն: Այս տեղեկությունը, բնականաբար, լրացուցիչ լարվածություն էր առաջացնում քաղաքացիների մոտ և լուրից ջղաձգված մարդիկ միայն մեկ բան էին ասում՝ «հաստատ կառավարությունն էլի խաբել է»: Ավելի տեղեկացվածներն էլ այդ կասկածներին իրենց վարկածն էին ավելացնում, ասելով, թե ՀԷՑ-ի նոր գնորդը նոր պայմաններ է առաջ քաշել, դրա համար էլ նման վիճակ է ստեղծվել:
Լուրի իսկությունը ճշտելու համար Orer.am-ի թղթակիցը դիմեց ՀԷՑ ՓԲԸ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանին, ով տեղեկացրեց, որ անցած ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 11-ին, ՀԷՑ ՓԲԸ-ն բոլոր բանկերին և «Հայփոստ» ՓԲԸ-ի բոլոր բաժանմունքներին ուղարկել է համակարգչային նոր ծրագիր, որով պետք է այսուհետ այդ ծրագրով գանձումներ իրականացվի: «Նոր ծրագրի համաձայն՝ կտրոնի վրա կա երկու թիվ, մեկն այն գումարի չափն է, որը պետք է վճարի բաժանորդը, երկրորդն այն թիվն է, որը սուբսիդավորվում է կառավարության կողմից: Բոլոր բանկերը և «Հայփոստի» բոլոր բաժանմունքները նախ և առաջ պետք է այդ ծրագիրը ադապտացնեին իրենց ծրագրին, բայց «Հայփոստը» մի փոքր ուշացնում է իր մոտ այդ ծրագիրն ադապտացնելու խնդրով պայմանավորված»,- ասաց Ն.Սարջանյանը:
Նա «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից տարածած տեղեկությունը ոչ կոռեկտ անվանեց՝ հավելելով, որ հոսանքի սակագնի գանձման մեկ սխեմա է գործում և այս պահին ծրագրի տեղայնացման խնդիրն է լուծվում: Ինչ վերաբերում է նախորդ ամսվա ընթացքում սպառած հոսանքի վարձավճարի չափի մասին տեղեկություն ստանալուն, ապա բնակիչ-բաժանորդները իրենց բաժանորդային քարտի համարով այն կարող են ճշտել ՀԷՑ ՓԲԸ-ի կայքից, ավելացրեց Ն.Սարջանյանը:
Արմինե Գրիգորյան