Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկում կանցկացնի Ռուբեն Հակոբյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալու որոշման վերաբերյալ
ПолитикаԵրեկ օրվա ավարտին «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը Facebook սոցիալական ցանցում կատարել էր գրառում, որում մասնավորապես նշված էր. «Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին, թե՛ ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ պատգամավորը հերքել էր «Ժառանգությունից» դուրս գալու մասին լուրերը: Թե ո՞րն է Ռուբեն Հակոբյանի կտրուկ եւ անսպասելի քայլի հիմնական պատճառը, դեռեւս մնում է անհայտ, քանի որ տվյալ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ նաեւ «Ժառանգություն» կուսակցության եւ տվյալ խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հրաժարվում են որեւէ հարցի պատասխանել:
Ինչեւէ, փորձելով գնալով նախկին ժառանգականի քայլերի հետքերով, Orer.am-ը մեկնաբանություն ստացավ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից, ով զրույցի ժամանակ նշեց, որ դեռ չի հանդիպել Ռուբիկ Հակոբյանի հետ եւ նրա որոշման հետ կապված որեւէ հստակ բան ասել չի կարող: «Ես կսպասեմ, մինչ «Ժառանգությունում լինի քննարկում՝ տվյալ հարցի հետ կապված, հուսով եմ, որ ինձ էլ կհրավիրեն թեպետ ես ոչ թե կուսակցության, այլ խմբակցության անդամ եմ»,- նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը՝ հավելելով, որ Րաֆիի Հովհաննիսյանը մշտապես հրավիրում է իրեն «Ժառանգություն» կուսակցության քննարկումներին:
Անդրադառնալով նաեւ խմբակցություն տիրող վիճակին՝ Թեւոն Պողոսյանը նշեց, որ խմբակցությունում որեւէ խնդիր չկա: «Այսօր մենք ունենք արտահերթ նիստ ու մենք մեր հարցերն ենք քննարկելու»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան