Լակը վաղուց «եփել են» ու «ոսկե» գդալն էլ մեջը դրած սպասում են
АналитикаՍտացվում է, որ ով իր ծնողից, հարևանից, բարեկամից կամ անցորդից նեղսրտի, կարող է իրեն հալածյալ հռչակել, ասուլիսներ տալ, ասել սրտի ուզածը ու հետո էլ մի լավ ծիծաղել մամուլի ակումբների միամիտ ղեկավարների ու լրագրողների վրա, թե տեսաք, թե ինչպես կարողացա մի լավ շոու սարքել … Եթե խոսքը միայն շոու սարքելու մասին լիներ, ապա կարելի էր վստահ պնդել, որ ստեղծագործ հայ ազգի մտքի թռիչքի շառավիղն այնքան մեծ ու հարուստ է, որ ինչ ճոխության ու բովանդակության սցենար հորինելու պետք լինի, անպայման կհորինի: Բայց, խնդիրն այն է, որ իրականում շատ ունկնդիր ունեն այն սցենարները, որտեղ ողբ ու լացը շատ է, որտեղ հալածյալների, ծեծվածների ու արդարություն փնտրողների պակաս չկա: Գուցե հենց այդ է պատճառը, որ շատերն ընտրում են ընդդիմության դաշտից ներկայանալու կերպարը, որ ունկնդիրների ու կարեկցողների պակաս չունենան: Ու այդպես, մի կողմից սեփական հավակնություններն են բավարարում, մյուս կողմից՝ իրենց նյութական հարցերը լուծում ու երրորդ կողմից էլ սեփական «ակտիվը» համալրում հալածյալի, զոհի կարգավիճակին համապատասխան տեղեկություններով՝ մեծացնելով այլ երկրիր փախչելու ու այլ երկրից որպես ողորմություն՝ ապաստան ստանալու հավանականությունը:
Երկրի ընտրությունն էլ ճաշակի հարց է՝ մեկը նախընտրում է առաջադեմ Եվրոպան, մյուսը՝ հետամնաց Ասիան: Կարևորը, որ հաց ու ջուր տվող լինի ու մեկ էլ իր ասածին «հավատացող» ու ծափահարող: Իսկ թե ո՞վ, ինչպե՞ս և ինչքա՞ն կօգտագործի իրենց, նրանց համար բոլորովին էլ կարևոր չէ: Նմանների համար կարևորն իրենց անձնական խնդիրը հայկական հարց դարձնելն է, հետո այն միջազգայնացնելը: Ինչ վերաբերում է ծափ տվողներին, ապա միշտ էլ հնարավոր է դրանց գտնել, կարևորն արցունքները առատ լինեն ու պատմությունն էլ ինչքան յուղոտ, այնքան լավ:
Դե շնչող արարածի այս տեղակին «մարդ» անվանելն անշուշտ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում կլինի: Հաշվի առնելով այն, որ նորմալ արժեհամակարգ ունեցող ու սեփական քրտինքով ապրող ու արարողին են սովորաբար մարդ ասում: Մնացած դեպքերում մարդանման այդ էակներին կարելի է ընդամենը պարզ սպառող անվանել:
Ինչ վերաբերում է մարդաբանական ուսումնասիրությանը, ապա պարզվում է, որ գիտնականները հայտնաբերել են, որ որոշակի հանգամանքներում մարդկային գիտակցությունը կարող է ավելի ուժեղ գտնվել, քան ցանկացած բնազդ: Հենց դրանով է փաստորեն մարդը տարբերվում կենդանուց: Ստացվում է, որ երբ բնազդը հաղթում է բանականությանը, մարդը վերածվում է սովորական կենդանու: Ու հենց կենդանու տրամաբանությամբ էլ, այդ րոպեական պահանջից դրդված, կարող է անել այն, ինչ խելքը փչի: Այնպես որ, պետք չէ երկու ոտքի վրա քայլող, խոսող ու շնչող ամեն էակի մարդ անվանել ու դեռ մի բան էլ դրանց նմանների արաքի պատճառով սեփական երկիրը, քաղաքն ու փողոցն անիծել: Նրանց նմաններին միայն կարելի է խղճալ, որ ուղեղ չունեն, որ ինչի ասես պատրաստ են, միայն թե մի աման լակ տվող լինի, իսկ լակ բաժանողն էլ պատրաստ սպասում է՝ այն վաղուց եփել է, «ոսկե» գդալն էլ մեջը դրել …
Արմինե Գրիգորյան