Ադրբեջանական պատվիրակությունը մշտապես խուսափել է «Եվրանեսթում» կառուցողական աշխատանքներ իրականացնելուց. Կարինե Աճեմյան
ИнтервьюԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել «Եվրանեսթ» ԽՎ-ին իր մասնակցությունը կասեցնելու ընթացակարգ սկսելու մասին։ Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանն այս քայլով, արդյո՞ք տվյալ որոշումը ինչ-որ օգուտներ կտա մեր հարեւան պետությանը: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց «Եվրանեսթի» պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:
- Տիկին Աճեմյան, ի՞նչ ակտիվություն են դրսեւորում ադրբեջանական պատվիրակության անդամները «Եվրանեսթի» քննարկումների ժամանակ:
-Վերջին բոլոր հանդիպումներին եւ քննարկումներին, Ադրբեջանի կողմից որեւէ կոնստրուկտիվ քայլ չի գրանցվել: Նրանք հիմնականում խուսափում են «Եվրանեսթի» շրջանակում աշխատանքներից: Իրենց այդ քայլը բացատրվում է նրանով, որ երեւի թե ասելիք չունեն, որովհետեւ չեն ընդունում ո'չ ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափով աշխատանքները, ո'չ էլ «Եվրանեսթ» խորհրդարանական ձեւաչափը: Պարզապես ադրբեջանական կողմն իր նավթով, պաշարներով եւ տոտալիտար ռեժիմով ցանկանում է պահել իր քաղաքական գիծը:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են խուսափում քննարկումներից:
- Աշխատանքներից ու քննարկումներից խուսափելն իրենց բնույթին եւ ոճին շատ հարիր է, բայց քաղաքականապես գրագետ չէ: «Եվրանեսթը» շատ լավ հարթակ է, որպեսզի մեր բոլոր հարցերը միասին քննարկենք, որովհետեւ վերջիվերջո Ղարաբաղյան հարցի լուծումն էլ, միեւնույն է, վաղ թե ուշ լուծվելու է քննարկման եւ փոխադարձ համաձայնությունների միջոցով:
-Կարելի՞ է ասել, որ ադրբեջանական պատվիրակության այդ որոշումը սպասված քայլ էր:
-Այո´, նրանց այս քայլը շատ սպասելի է եղել մեզ համար, որովհետեւ վերջին տարիներին իրենք հիմնականում չեն մասնակցել քննարկումներին, իսկ մասնակցելիս էլ չեն աշխատել: Վստահորեն կարող եմ ասել, որ նրանք տեսնում են եվրոպական քաղաքական գործիչների դիրքորոշումն իրենց հանդեպ, որտեղ քննարկվում են նաեւ իրենց երկրում մամուլի ազատության հետ կապված հարցերը՝ դրանք ճնշումներն են մամուլի եւ լրագրողների վրա: Հենց այս պարագայում նրանք երեւի կարծում են, որ այլեւս անելիք չունեն: Առհասարակ բոլոր ձևաչափերում իրենք ոչ կառուցողական դիրքորոշմամբ են հանդես գալիս: Կարծում եմ, որ նման քայլերն իրենց սեւ ցուցակը մեծացնում են, սակայն դա իրենց որեւէ օգուտ չի տալիս: Եթե անգամ նրանք դուրս գան այդ կառույցից, միեւնույն է, աշխատանքները շարունակվելու են: Օրինակ՝ «Եվրանեսթի» երեւանյան հանդիպումը, երբ բոլոր երկրները մասնակցում էին եւ որի ժամանակ շատ կառուցողական բանաձեւեր ընդունվեցին, նրանց այստեղ չլինելը մեզ որեւէ կերպ չխանգարեց: Կարծում եմ՝ նման քայլերը նրանց էլ օգուտ չի տալիս, սակայն իրենք ունեն իրեց քաղաքական մեթոդները, որոնցով էլ առաջնորդվում են:
Սոսե Չանդոյան