Լևոն Զուրաբյանի բեմադրությունը ձախողվեց
АналитикаԻնչպես հայտնի է, սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովը փոփոխություն է կատարել սահմանադրության առաջարկվող նախագծում՝ հրաժարվելով Ազգային ժողովի նախագահին խորհրդարանի լիազորությունների ողջ ժամկետում անփոխարինելի համարելու գաղափարից: Կատարվող փոփոխությունների համաձայն Ազգային ժողովի նախագահը ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Ազգային ժողովում իր վստահությունը կորցնելու դեպքում փոփոխվելու հնարավորությամբ:
Նախագծում ամրագրված դրույթի վերանայման համար առիթ ծառայեց դրա շուրջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից պարբերաբար հնչեցվող այն մտահոգությունը, համաձայն որի առաջարկվող սահմանադրության նախագծով Ազգային ժողովի նախագահը, վերջինիս անվստահություն հայտնելու մեխանիզմների բացակայության պայմաններում, դառնում էր անփոխարինելի՝ ըստ էության զբաղեցնելով երկրի նախագահի տեղը: Դիտողությունը կայանում էր նրանում, որ մի կողմից սահմանադրության նախագծով երաշխավորվում է կայուն մեծամասնությամբ խորհրդարանի ձևավորումը, մյուս կողմից՝ դրա կազմից ընտրված ԱԺ նախագահի պաշտոնը ենթադրում է պաշտոնավարություն ԱԺ լիազորությունների ողջ ժամանակաշրջանում՝ առանց վերջինիս անվստահություն հայտնելու հնարավորության: Ըստ հնչեցվող գնահատականների՝ կայուն մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժի համար ստեղծվում էր իր ձեռքում պետական իշխանության կարևոր լծակները կենտրոնացնելու հնարավորություն՝ դրանից երբեմնի զրկվելու հնարավորության բացակայությամբ:
Այն, որ նախագիծը սահմանում է կայուն մեծամասնությամբ խորհրդարանի գաղափարը, իսկ Ազգային ժողովի նախագահն ընտրվում է նույն խորհրդարանի կազմից՝ ձայների մեծամասնությամբ, արդեն իսկ վկայում է, որ Ազգային ժողովի նախագահին անվստահություն հայտնելու հնարավորության ամրագրմամբ անգամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը կրկին զբաղեցվելու է կայուն մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից: Այսինքն, Ազգային ժողովի նախագահին անվստահություն հայտնելու հնարավորության բացակայությունը երկրի կառավարման գործընթացի վրա էականորեն ազդել չէր կարող: Անտրամաբանական են նաև արհեստականորեն խուճապի մթնոլորտ ձևավորող այն հետևությունները, որոնք վերաբերում են երկրի նախագահի ներկայիս դերը հետագայում ԱԺ նախագահին փոխանցելու հնարավորությանը: Խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է բացառապես կոլեգիալ կառավարում, հետևաբար նախագծով ԱԺ նախագահին վերապահված սահմանափակ լիազորությունները ներկայացուցչական, առավել արարողակարգային են:
Այսպիսով, կառավարման համակարգից, դրան անմիջականորեն մասնակցող պետական իշխանության առանցքային մարմիններից, այդ մարմիններում նախատեսվող պաշտոններից և դրանց ամրագրված լիազորություններից քիչ թե շատ տեղեկացվածները, կարծում եմ կհամաձայնեն, որ ներկայացուցչական և կազմակերպչական լիազորությունների տիրապետող Ազգային ժողովի նախագահն, ըստ էության չի տիրապետում երկրի կառավարմանն առնչվող հարցերում որոշումներ կայացնելու լծակների և որ որոշումների կայացումը տեղի է ունենում խորհրդարանում՝ կոլեգիալ կարգով:
Այլ հարց է, որ ցանկացած պաշտոնում կամ աշխատանքում անփոխարինելիությունն իր բացասական հետևանքն է թողնում աշխատանքի որակի վրա, հետևաբար ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու հնարավորություն նախատեսելն անհրաժեշտ է նրա կողմից կազմակերպչական աշխատանքների կատարման որակը բարձրացնելու առումով:
Ակնհայտ է, որ Լևոն Զուրաբյանը այս հարցի մասին պարբերաբար քննադատություն հնչեցնելով սահմանադրական բարեփոխումներին արհեստական նեգատիվ գույներ հաղորդելու նպատակ է հետապնդել՝ չնախատեսելով ներկայիս զարգացումները:
Սահմանադրական փոփոխությունների մասին ցանկալի կլինի հնչեցնել առավել բովանդակալից, երկրի կառավարման և որոշումներ կայացնելու գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ կարծիքներ՝ իհարկե կարևորելով դրանում մասնագետների, այլ ոչ աստվածագետների, հնեաբանների և նման կարևորագույն հարցերի վերաբերյալ սիրողական կարծիք հայտնող անհատների կարծիքները: