Հմայիչ գեղեցկուհի և անկրկնելի դերասանուհի, միաժամանակ շատ անմիջական անձնավորություն: Ինչպես է պատահել, որ «աստղայինը» քեզ չի փչացրել:
Շնորհակալ եմ ինձ հասցեագրված գեղեցիկ խոսքերի համար: Աստղ հասկացությունը շատ հարաբերական է: Այս պարագայում ինձ համար Հայաստանում աստղեր գոյություն չունեն: Եթե անկեղծ լինեմ՝ այդ հասկացությունը մարդկանց համար կայանալու երևակայական միջոց է: Ես նախընտրում եմ լինել արև, որը միակն է, ոչ թե անթիվ աստղերից մեկը:
Մի պահ թատրոնի դերասանների մեծ հոսք սկսվեց դեպի հեռուստասերիալներ: Ինչպես կարողացար խուսափել այդ գայթակղությունից: Չէ որ սերիալները առաջին հերթին ֆինանսական խնդիր են լուծում:
Սերիալներում նկարահանվելն ինձ համար երբեք գայթակղություն չի եղել, նամանավանդ, որ վարձատրությունն այնտեղ այնքան էլ շքեղ չէ: Ունեցել եմ շատ հրավերներ, սակայն մերժել եմ, որովհետև ներկայիս սերիալների սյուժետային բովանդակությունը հագեցած է կենցաղով, որն ինձ հոգեհարազատ չէ: Մեծ հաճույքով կնկարահանվեմ պատմական սերիալներում: Այնուամենայնիվ, ես շատ դրական եմ վերաբերվում սերիալներում խաղացող դերասաններին և ոչ դերասաններին:
Ինչու Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե: Բեմական կեղծանունդ ինչպիսի նախապատմություն ունի՞:
Գուանտալուպե՝ սիրո աստվածուհի: Կրճատ՝ Անի Լուպե: Այս անունը ինձ տվեց իմ շատ լավ ընկեր, երաժիշտ Վիկտոր Արմանդո Ռոջասը, որի հետ համագործակցել ենք երեք տարի շարունակ իսպանական կենտրոնում: Նրա մեկնելուց հետո ես շարունակեցի կրել այս կեղծանունը, որը իսկապես ինձ հաջողություններ բերեց:
Լսել եմ, որ ֆիլմում ես նկարահանվել: Ինչ ֆիլմ է, ինչ թեմայով: Արդյո՞ք դժվար չէ թատրոնի անմիջական դերերից անցում կատարել կինոյի «խիստ» ժանր:
«Ժաննա դ՛Արկ», ռեժիսոր՝ Արա Երնջակյան: Վերջերս նկարահանվեցի այս ֆիլմում՝ մարմնավորելով ժաննայի կերպարը: Ֆիլմը նկարահանվել է կոմեդիայի ժանրում, իսկ փոփոխված սցենարի հեղինակը նույնպես Արա Երնջակյանն է: Չեմ ուզում շատ չակերտները բացել ֆիլմի ամբողջ հետաքրքրության մասին: Գաղափարական առումով իլմը շատ հետաքրքիր է և նոր, ինչում հանդիսատեսը կհամոզվի: Չգիտեմ՝ որքանով եք ճանաչում Արա Երնջակյանին որպես դրամատուրգ. նրա բոլոր պիեսները, անգամ կոմեդիայի ժանրի, ունեն շատ խորը ներքին ենթատեքստեր, որը հանդիսատեսին և ընթերցողներին հնարավորություն է տալիս ծիծաղել և հուզվել միաժամանակ: Յուրաքանչյուր գործի մեջ եթե լինում ես անմիջական՝ դժվար չի լինոմ, այդ թվում և ինձ համար դժվար չէր անցումը թատրոնից կինո: Ճիշտ է, մեծ է տարբերությունը այս երկու ժանրերի մեջ, բայց անցումը ինձ մոտ հեշտ կատարվեց, որովհետև աշխատում էի պրոֆեսիոնալ անձանց և ռեժիսորի հետ:
Դու նաև ակումբներում ես երգում: Ինքնաարտահայտման որ ձևն է քեզ հոգեհարազատ՝ երգը, թե բեմական խաղը:
Շատ երկար ժամանակ է, որ աշխատում եմ տարբեր ակումբներում: Զբաղվում եմ անհատական երաժշտական գործունեությամբ, նաև ունեմ բենդ (Ani Lupe, SENO & CAMARADAS), որի հետ միասին երգում ենք լատինոամերիկյան երգեր: Քանի որ ես ինքս երաժշտական մյուզիքլի թատրոնի դերասանուհի եմ, երկու դեպքում էլ ինքնաարտահայտման միջոցը ամբողջական է՝ թե թատրոնում և թե երաժշտության մեջ:
Հարցազրույցներիցդ մեկում ասել ես, որ երազում ես Բրոդվեյի մասին: Տարիների հետ երազանքներդ ինչպիսի «էվոլյուցիա» են ապրել:
Ես իմ երազանքից չեմ հրաժարվել, գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունեցել Բրոդվեյ մեկնելու մասով: Վստահ եմ, որ կգնամ, որովհետև կարողանում եմ իրականացնել իմ ցանկություններն ու երազանքները:
Որպես հայտնի մարդ՝ չես կարող խուսափել դրանից բխող բացասական հետևանքներից: Ինչպես ես կարողանում պահպանել անձնական «տարածքդ» և թույլ չտալ, որ ներխուժեն քո կյանք:
Ինչպես անձնական հարցերում, այնպես էլ գործնականում թույլ չեմ տալիս, որմարդիկ ներխուժեն իմ անձնական դաշտ, թեպետ առ այսօր որևէ բացասական արտահայտություն չեմ լսել իմ հասցեին: Մի անգամ դերասան Մխիթար Ավետիսյանը ինձ ասաց՝ Անի, քո բախտը շատ է բերել, որովհետև հանդիսատեսը սիրում է քեզ:
Նոր նախագծեր ունե՞ս: Ինչ անակնկալներ են սպասվում Անի Լուպեի հանդիսատեսին:
Ես ինձ բախտավոր մարդ եմ համարում. փառք Աստծո, նախագծերը մեկը մյուսի հետևից այցելում են ինձ: Նախագծերի մասին սիրում եմ խոսել աշխատանքային ամիսների ընթացքում, իսկ այժմ միայն հանգստանում եմ և փորձում եմ վայելել տաք ամառը: