Անկախ նրանից՝ ում տիրակալության տակ կհայտնվեն Արեւմտյան Հայաստանի հողերը, միեւնույն է, մեր պահանջները չեն փոխվելու. Համլետ Հարությունյան
ОбществоԻնչպես տեղեկացնում է թուրքական մամուլը, Թուրքիայի տարածքում կրքերը շարունակում են թեժ մնալ: Քրդերը հավատարիմ են Թուրքիայի տարածքում առանձին ու ինքնավար պետության ստեղծման իրենց գաղափարին, ինչը, իր հերթին, չեն հանդուրժում թուրքական իշխանությունները, թուրք ժողովուրդն ու հատկապես թուրք ազգայնականները: Որպես հակադիր քայլ՝ ազգայնականները փորձում են իրենց շարքերը ներքաշել Թուրքիայում բնակվող հայերին:
Նշված իրադարձությունների հետ կապված՝ Orer.am-ը զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանի հետ: «Հայերին այս խնդրի մեջ ներքաշելու փորձերը վկայում են այն մասին, որ Թուրքիայի 1915 թվականից ի վեր տրադիցիոն քաղաքականությունը շարունակվում է: Ժամանակին նրանք քրդերին հանեցին հայերի դեմ, իսկ հիմա փորձում են հայերին հանել քրդերի դեմ, ինչը, իմ խորին համոզմամբ, չի ստացվի, որովհետեւ հայերը քրդեր չեն»,- ասաց նա: Թուրք-քրդական լարումները, ըստ պատգամավորի, դեռ երկար կտեւեն. «Քրդերի եւ թուրքերի միջեւ պայքարը տասնյակ տարիներ շարունակվում են, կարծում եմ՝ դեռ այս խմորը շատ ջուր կքաշի: Քրդերի ներքին պոտենցիալը, նրանց թվաքանակը, կազմակերպվածությունն ինձ թույլ է տալիս կարծել, որ քրդերն իրենց հուզող հարցերն ի շահ իրենց կլուծեն»,- ասաց վերջինս:
Հ. Հարությունյանը կարծում է, որ քրդերը հարցն իրենց օգտին կլուծեն ոչ միայն Թուրքիայում, այլև Իրաքում ու Սիրիայում եւս: «Իհարկե, նրանք իրենց ցանկությունը հնարավոր է՝ ի կատար ածեն տասը տարի հետո կամ ավելի ուշ, բայց այն, որ իրենց ուզածին կհասնեն, կարծում եմ՝ հստակ է երեւում»,- կարծիք հայտնեց Հարությունյանը:
Հարցին, թե ինչ քաղաքական քայլերի պետք է գնա Հայաստանի իշխանությունը պապենական հողերի նոր պահանջատերերի դեմ, պատգամավորը պատասխանեց. «Նրանք այսօր բնակեցված են Արեւմտյան Հայաստանում, եւ բնական է, որ եթե պետություն ստեղծեն, ապա աjդ տարածքները վերցնելու են իրենց տիրապետության տակ: Իհարկե, մենք պահանջատեր ենք պապենական մեր հողերին ու անկախ նրանից՝ ում տիրակալության տակ այն կգտնվեն, միեւնույն է, մեր պահանջները չեն փոխվելու»,- խոսքը եզրափակեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամը:
Սոսե Չանդոյան