Արմենչիկի այս փաստը մթագնեց մյուսների պարգևները, և նրանք ստվերում մնացին. Նիկոլայ Ծատուրյան
ОбществоՀՀ անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանի պարգևատրումները հասարակության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձան: Մարդկանց մի ստվար զանգվածի հատկապես դուր չէր եկել երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու փաստը:
Ինչպես հայտնում է Օrer.am-ը, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով թեմային, կոչ արեց բոլոր արվեստագետներին հետ հանձնել այն կոչումները, որոնք շնորհվել են իշխանությունների կողմից. «Չի կարելի արդեն հասցնել աբսուրդի, սա աբսուրդ է, որովհետեւ մեղադրում են, որ մտավորականները ակտիվ չեն, բայց այդպես չէ, ես կարող եմ կոչ անել բոլորին՝ տանենք, հանձնենք մեր կոչումները, որպեսզի մեր կառավարությունը հասկանա, որ ինքը չի որոշում: Պետք է ստեղծել շատ լուրջ հանձնաժողով, որը պետք որոշի` ով պետք է դառնա, ով` ոչ, հանձնաժողով ստեղծել՝ առանց հաշվի առնելու ծանոթ-բարեկամ»,- ասաց նա:
Արվեստագետը նաև նշեց, որ Արմենչիկի կոչումը մթագնեց մյուսների պարգևները. «Թող ստանան, հարցը դա չէ, ինձ մտահոգում է այն, որ մենք լրիվ կորցրել ենք չափանիշները: Ես ցավով նշում եմ, որ Արմենչիկի այս փաստը մթագնեց մյուսների պարգևները և նրանք ստվերում մնացին»,- ասաց բանախոսը:
Խոսելով Արմենչիկի մեծ լսարանի ու բազմահազարանոց դահիլճներում ելույթների մասին՝ Նիկոլայ Ծատուրյանն ասաց. «Արժևորելու խնդիր ունենք, իսկ այն, որ գուցե Արմենչիկը շատ դահլիճներ է լցնում… Գազանանոցում ամենաշատը կապիկի վանդակի մոտ են հավաքվում, բոլորն էլ կարող են դահլիճներ լցնել, այստեղ արդեն որակի խնդիրն է»:
Բանախոսը նաև իր մտահոգությունը հայտնեց ճաշակի խնդրի վերաբերյալ: «Այս կառավարությունը գեղո է, և նման կոչումներ ստացողները արժանի են իրենց: Ով մի քիչ համարձակ է, ակտիվ է, անտեսվում է: Ես սկսել եմ ոչ մի բանի վրա չզարմանալ, դա արդեն շատ վտանգավոր բան է, բա Կոմիտասը մե՞ղք չէ, արաբաթուրքական կլկլոցներով լցնում են ասպարեզը, իսկ Կոմիտասը մի ամբողջ կյանք ներդրեց, որ մաքրի երաժշտությունն այդ կեղտից»,- եզրափակեց խոսքը Նիկոլայ Ծատուրյանը:
Անժելա Պողոսյան