«Հատընտիր»-ն Արտեմ Հարությունյանի պոետական ընթացքի պատմությունն է. ՀԳՄ նախագահ
КультураԲանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին Հայաստանի գրողների միությունում ներկայացրեց իր նոր` տարբեր գրքերից ստեղծագործություններ ներառող «Հատընտիր» ժողովածուն: Գիրքը հրատարակել է «Ապոլոն» հրատարակչությունը 2014 թվականին:
«Ես փառասեր չեմ, բնությունը, կյանքը փառասիրություն չեն սիրում: Երբեմն ահավոր փառասեր եմ դառնում, ուզում եմ պոեզիայի ջունգլիները ճանկռել. մեր հրաշալի արձակագիր և քննադատ Ալիկ Թոփչյանը հավաքել է իմ բոլոր ժողովածուներից ստեղծագործություններ, շատ շնորհակալ եմ նրան»,- նշեց Արտեմ Հարությունյանը:
Բանաստեղծի խոսքով` իր պոեզիան որոշ չափով բարդ է:
«Առաջին շրջանը բացարձակի, բնության որոնում էր: Հետագայում տեսա, որ սոցիալական կյանքը և մյուս երևույթներն էական դեր ունեն, և պոեզիան չի կարող լինել բացարձակ պահի բռնկում: Պոեզիան դառնում է մարդուն ուղեկցող երևույթ»,- հավելեց Արտեմ Հարությունյանը` հայտնելով, որ այժմ նոր գրքի վրա է աշխատում:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` Արտեմ Հարությունյանը 1960-70-ականներին արդեն ձևավորված բանաստեղծ էր, հրատարակել էր գրքեր:
«Բանաստեղծությունների գրքերով նա հաստատեց իր մտածողության ձևը, բանաստեղծական նոր լեզվի, լեզվամտածողության տիրույթ բացեց հայկական պոեզիայում: Այդ տեսակ պոեզիան մեզանում ի հայտ էր գալիս թարգմանական գրականության ձևով: Նման պոեզիա թարգմանում էր նաև Արտեմ Հարությունյանը: Այդ փորձը նա, իր մեջ «մարսած», փոխադրում էր հայ պոեզիայի դաշտ»,- ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:
Հայաստանի գրողների միության նախագահի խոսքով` «Հատընտիր» ժողովածուն Հարությունյանի պոետական ընթացքի պատմությունն է:
Բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը ծնվել է 1945 թվականին: Հեղինակ է մի շարք բանաստեղծական ժողովածուների` «Նշանների երկիր», «Տեսադաշտ», «Շեմ», «Ներկայության խոսքեր»: «Հրդեհը հինավուրց հողի» ձեռագրի համար արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակին: Վերջինը 1993-ին հրատարակվել է Նյու Յորքում և արժանացել Հ. Ուզունյանի անվան մրցանակին: 1997-ին Երևանում լույս է տեսել նրա «Նամակ Նոյին» ժողովածուն: 2004-ին ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովա ծուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի: 2003-ին հրատարակված նրա «Հուդայի արձակուրդը» գիրքը արժանացել է ՀՀ պետական մրցանակի: 2010-ին հրատարակվել է նրա «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը: Արտեմ Հարությունը դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի պետական համալսարաններում, նաև` Ստամբուլի ամերիկյան համալսարանում: 1995-ին Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նաև ն ույն կրթաթոշակով, 2002-ին Լոս Անջելեսի համալսարանում: 1994-95-ին աշխատել է Վաշինգտոնում` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ: Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոնների: