Գեոպոլիտիկ ի՞նչ զարգացումներ են սպասվում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, արդյո՞ք նրանց շահերը համընկնում են
ИнтервьюՕրերս ՌԴ մայրաքաղաքում բացվեց Եվրոպայում ամենամեծ մզկիթը, որի բացմանը ներկա էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի նախագահները: Նկատենք, որ թեև Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն առաջին հայացքից կարծես ջերմ են, բայց դրանք խաբուսիկ են թվում: Իսկ թե որ պետության քայլն ինչ շահ է հետապնդում եւ ինչ զարգացումներ են դրանք ունենալու գեոպոլիտիկ առումով, Orer.am-ը զրույցի ընթացքում ճշտեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից:
«Աշխարհաքաղաքական առումով սկսվում է մի նոր գործընթաց՝ դա Ռուսաստանի մուտքն է Մերձավոր արեւելք: Ինչպես հայտնի է, Խորհրդային Միությունը ժամանակին շատ ուժեղ դիրքեր ուներ այնտեղ, որը կորցրել էր, իսկ հիմա Ռուսաստանը վերականգնման փորձեր է անում: Ի դեպ, գործընթացն սկսում է Սիրիայից»,- ասաց նա:
Ինչպես նշեց թուրքագետը, Հայաստանը ռուս-թուրքական հարաբերություններին պետք է շատ ուշադիր հետեւի: «Ռուս-թուրքական հարաբերությունները մեզ համար կարեւոր են, քանի որ բացասական փորձ ունենք՝ կապված 1920-1921-ական թվականների հետ, այն ավարտվեց քեմալականների ու բոլշեւիկների միջեւ եղած համաձայնությամբ: Այդ իսկ պատճառով մենք պետք է ուշադիր հետեւենք, որ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում այդ երկրների հարաբերություններում: Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական առումով այս երկրները շարունակում են մնալ հակառակորդներ, որովհետեւ նրանց շահերը եւ նպատակները տարբերվում ու որոշ դեպքերում անգամ հակասում են միմյանց: Այն, որ Ռուսաստանը դիրքերն է ամրապնդում Սիրիայում եւ հետագայում կուժեղացնի նաեւ Մերձավոր արեւելքում, իհարկե, չի բխում Թուրքիայի շահերից, քանի որ հենց Թուրքիան է ուզում լինել Ռուսաստանի դերում»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը հավելելով, թե Սիրիայում երկու երկրներն էլ ունեն հակադիր կարծիքներ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ: «Եթե Ռուսաստանը պաշտպանում է Ասադի կառավարությանը, ապա Թուրքիան վերջին տարիներին անում է ամեն ինչ, որ տապալի նրան: Թուրքիան մեկ տարուց ավելի է, ինչ աջակցում է «Իսլամական պետությանը», սակայն հիմա փորձում է խուսանավելով դա անել, քանի որ Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել «Իսլամական պետության» կազմակերպական դիրքերին: Թուրքիան վերջիվերջո ՆԱՏՕ-ի անդամ է եւ ԱՄՆ-ի դաշնակից, իսկ մենք տեսնում ենք, որ հարաբերությունները Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ սրվում են, իհարկե, դա չի կարող չանդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- ասաց Սաֆրաստյանը:
Ինչ վերաբերում է երկու պետությունների միջեւ ձեւավորված առեւտրային հարաբերություններին, ապա վերջինս կարծում է, որ առեւտրի առումով նրանց միջեւ բավական զարգացող հարաբերություններ են ձեւավորվել, սակայն դա եւս վերջին տարիներին որոշ չափով թուլացել է:
Անդրադառնալով մզկիթի բացմանը՝ թուրքագետը հայտնեց հետեւյալ տեսակետը: «Մզկիթը վերջին տասը տարիներին վերանորոգվում էր եւ ավելի մեծացվում, այստեղ մեծ գումարներ են ծախսվել ծագումով դաղստանցի մեծահարուստի կողմից: Ռուսաստանը գնաց այդ քայլին, քանի որ շահագրգռված է, որ մի կողմից՝ իր երկրում ապրող մուսուլմանների հետ խնդիրներ չունենա, մյուս կողմից էլ մտահոգ է, որ «Ալ-Քաիդան» եւ մյուս ծայրահեղական իսլամական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից, չգան ու Ռուսաստանում բնակվող մուսուլմանների վրա ազդեցություն չունենան: Ավանդական իսլամի հետ հարաբերությունները լավացնելով՝ Ռուսաստանը թուլացնում է ծայրահեղականների դիրքերը ՌԴ-ում»,- ասաց վերջինս:
Սոսե Չանդոյան