Կոմիտասի գործերը`մեկ փառատոնում. մեկնարկել է վարդապետի անունը կրող երկրորդ փառատոնը
КультураԿոմիտաս վարդապետի խմբերգային, մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները մի քանի օր շարունակ կներկայացվեն երաժշտասերների դատին: Սեպտեմբերի 26-ին`Կոմիտասի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» փառատոնը:
«Երկրորդ տարին է, ինչ Մշակույթի նախարարության աջակցությամբ անց է կացվում «Կոմիտաս» փառատոնը: Այս տարի այն անցկացնում է նորաստեղծ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Ծրագրի մեջ որոշակի փոփոխություններ կան: Եթե առաջին տարին փառատոնին հնչում էին սոսկ կոմիտասյան ստեղծագործություններ, ապա այս տարի մի փոքր ընդլայնել ենք ձևաչափը: Բոլոր համերգների ժամանակ հնչելու են Կոմիտասի և այլ հայ կոմպոզիտորների գործերը»,- նշեց պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը:
Նրա խոսքով`եթե Կոմիտասը մեր դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, ապա նրանից հետո եկող բոլոր կոմպոզիտորները տեղավորվում են նրա հիմնած ավանդույթի մեջ`այս կամ այն չափով: «Հայ կոմպոզիտորական արվեստը մեկ ամբողջական մշակույթ է, և այդ մշակույթն առաջնորդողներից մեկը հենց Կոմիտասն է»,-հավելեց Մհեր Նավոյանը:
Երկրորդ տարին անցկացվող փառատոնի մեկնարկին ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն`Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյան ղեկավարությամբ: Նրանք ներկայացրին Կոմիտասի «Պատարագ»-ը:
Ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը համերգից հետո նշեց, որ այս աշունը երաժշտական շատ գեղեցիկ իրադարձություններով է հագեցած:
«Դրանց շարքում պետք է առանձնահատուկ հիացմունք հայտնել այն համերգների շուրջ, որտեղ հնչում են Կոմիտասի գործերը: «Կոմիտաս» փառատոնը դրանցից մեկն է: Առաջին համերգի առաջին կատարումը` «Պատարագ»-ը, մեր հիմքերի հիմքն է: Պետք է, անշուշտ, շնորհավորենք բոլորիս` կոմիտասասերներին, կոմիտասապաշտներին: Բայց այս պահին առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Հովհաննես Չեքիջյանին, ով իր վարպետությանն արժանի պատարագ ներկայացրեց: Հրաշալի ծրագիր է, ներկայացված է ոչ միայն Կոմիտասը, այլև` նրա շարունակողների գործերը»,-ընդգծեց Տիգրան Մանսուրյանը :
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ն անցկացվում է «Կոմիտաս» 2-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան), «Հովեր» (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախմբերի (գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան), «Գեղարդ» երգեցիկ խմբի (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան), ինչպես նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն), դաշնակահարներ՝ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, Արմեն Աղաջանյանը: Բացի այդ, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի դափնեկիր-երգչախմբերի կատարմամբ կհնչեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: