Երևանի կենդանաբանական այգում բնակվող 1000-ից ավելի կենդանիներից միայն 18-ն ունի խնամակալ
ОбществоԵրևանի կենդանաբանական այգու խնամակալության ծրագրին 2011 թվականից ի վեր մասնակցել է ավելի քան յոթ տասնյակ խնամակալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե Մադոյանը:
«Այս թիվը զուտ արձանագրված խնամակալությունների ցուցանիշն է, սակայն այն ցույց չի տալիս , թե քանի խնամակալ ունեն այգու կենդանիները: Բանն այն է, որ երբեմն կենդանուն խնամակալում են զույգերով, ընտանիքներով և անգամ դասարանով», - նշեց նա:
Անհատական խնամակալության մակարդակները լինում են Բրոնզե ` տարեկան արժեքը 20.000 դրամ, Արծաթե` 35.000 դրամ, Ոսկե` 50.000 դրամ և Պլատինե` 100.000 դրամ: Անհատական խնամակալության յուրաքանչյուր մակարդակ հիմնականում տարբերվում է նախորդից կենդանաբանական այգի անվճար մուտքերի քանակով: Իսկ կորպորատիվ խնամակալության գնացուցակն ու պայմանները մի փոքր տարբերվում է անհատականից:
Այս պահին այգին ունի 17 խնամակալ: Խնամակալություններից հինգը Պլատինե են. դրա արտոնությունների շարքում խնամակալը հնարավորություն ունի վանդակում տեղադրված տեսախցիկի միջոցով կենդանուն մեկ ամիս հետևել օն-լայն, ինչպես նաև տարեկան կտրվածքով 36 անվճար այցելություն իրականացնել 4 անձի համար:
«Խնամակալների թվում է նաև Լենհարդ գերմանական հիմնադրամը, որը մեր ծրագիրն օգտագործում է իր շահառուների՝ լսողության խնդիր ունեցող բալիկների միջև շփումը զարգացնելու համար: Հաճախ խնամատարերն իրենց անվճար մուտքի իրավունքը նվիրում են մանկատակատներին կամ դպրոցներին: Օրինակ, Արսինե Խանջյանն արդեն մի քանի տարի անընդմեջ խնամակալում է հայկական մուֆլոնի, որի խնամակալության ձևակերպման պահին այն ձագուկ էր, և դերասանուհին իր խնամակալության ամբողջ ազատ մուտքերի այս տարվա քանակությունը փոխանցել է դպրոցական դասարաններից մեկին, որը գալու է մեզ մոտ և հայկական մուֆլոնի մասին բաց դաս է ունենալու», - նշեց Մանե Մադոյանը: Նա հավելեց, որ այգում գործում է նաև կորպորոտիվ խնամակալության ծրագիր, որի դեպքում կազմակերպությունները սիմվոլիկ գումարի փոխարեն ստանձնում են տվյալ կենդանու որոշակի ժամանակահատվածի կերակրման ծախսերը:
Այս պահին Երևանի կենդանաբանական այգում բնակվում է 1000-ից ավելի բնակիչ, որոնք ներկայացնում են մոտ 200 կենդանատեսակ: Սակայն 18 կենդանի այս պահին ունի խնամակալ:
«Առաջիկա օրերին ևս մեկ խնամակալ ենք սպասում՝ Արեգ անունով մի փոքրիկի, ում ծնողներն այգու Ամուրյան վագրերից մեկի խնամակալն են: Այս անգամ խնամակալության են վերցնելու Կատվային լեմուրների ընտանիքի ձագերից մեկին: Խնամակալությունը տղայի ծնողների նվերն է ծննդյան օրվա կապակցությամբ:
Այգու առաջին խնամակալը մինչ օրս շարունակում է խնամակալել իր ընտրած ուղտայծին և 2011 թ-ից ամեն տարի երկարաձգում է ժամկետը: Սակայն խնամատարության ծրագիրն ի սկզբանե գաղափարի ծրագիր է, երբ մարդիկ խորհրդանշական գումարով մեկ տարով դառնում են կենդանիներից մեկի խնամակալը: Խնամատարության բոլոր չորս փաթեթները նույն են ցանկացած կենդանու համար՝ լինի դա փիղը, թե փոքրիկ թռչնակ:
«Խնամատարության հիմնական առավելությունը՝ կենդանաբանական այգի անվճար մուտքն է, սակայն նույնիսկ կոպիտ հաշվարկի դեպքում պարզ է դառնում, որ գումարը հիմնականում փակում է կենդանաբանական այգու մուտքի տոմսի գինը: Խնամակալությունը ենթադրում է, որ մարդիկ իրենց անմիջական պատասխանատվության տակ են վերցնում կենդանուն և հնարավորություն տալիս իրենց ավելի պահանջկոտ լինել կենդանու նկատմամբ», - ասաց Մանե Մադոյանը:
Կենդանաբանական այգին հանրային տարածք է և պատկանում է մեզնից յուրաքանչյուրին: Դրա զարգացման համար յուրաքանչյուրս հարկերի տեսքով ունի իր ներդրումը, սակայն մենք միշտ բողոքում ենք՝ պատասխանատվության զգացում չունենալով: Այս ծրագիրը խթանում է կենդանաբանական այգու այցելուների մոտ պատասխանատվության զարգացումը: