Հայաստանում գրանցվել է ինքնասպանությունների թվի աճ. ովքե՞ր եւ ի՞նչ եղանակով պետք է ենթարկվեն պատասխանատվության
ОбществоOrer.am-ը մշտապես անդրադարձել է ինքնասպանությունների եւ վերջին ժամանակներին դրանց կտրուկ աճի թեմային: Թեպետ խնդիրը լուսաբանելիս մշտապես խոսել ենք ինքնասպանություն կատարողի հոգեբանական վիճակի, նրա կենցաղի եւ ինքնասպանության դրդող այլ պատճառների մասին, այժմ հարցը կդիտարկենք իրավական հարթության մեջ: Ո՞վ կարող է պատասխանատվության ենթարկվել անձի ինքնասպանության կամ դրան դրդելու համար: Այս եւ մի շարք կարեւոր այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու համար: Մի փոքր մանրամասնեք խնդրեմ, օրենսդիրն ի՞նչ նկատի ունի «ինքնասպանության հասցնել» ասելով:
- Համաձայն քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը քրեորեն պատժելի է, եթե այն դրսևորվել է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու եղանակով: Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում ինքնասպանության հակելը:
-Համաձայն քրեական օրենսգրքի 111 հոդվածի՝ ինքնասպանության հակելը դրսևորվում է հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելով: Այս երկու հանցագործությունների՝ ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու հիմնական տարբերությունն այն է, որ առաջինը դրսևորվում է բռնությունների ձևով, իսկ երկրորդը՝ մոլորեցնելու: Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Սոսե Չանդոյան