Մենք սահմանը պահող մեր զինվորներին վերաբերվում ենք մեր էրեխեքի պես. Պառավաքարի բնակիչ
ОбществоԹեպետ հայ-ադրբեջանական սահմանին վիճակը վերջին օրերին բավական լարված է, այնուամենայնիվ, Պաշտպանության բանակը, արժանի հակահարված տալով թշնամուն, ոչ միայն հետ է շպրտում նրան, այլեւ համարժեք խոցում: Հասկանալով, որ ռազմական ճակատում ուժերը չեն բավականացնում գերնպատակին հասնելու համար, ադրբեջանական իշխանությունն այժմ անցել է տեղեկատվական պատերազմի ուժեղացմանը: Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել: Տարածած տեղեկատվությունը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, ըստ ՊԲ պաշտոնական տեղեկատվության՝ հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի, իսկ հակառակորդի վիրավորների թիվը անցնում է տասնյակը:
Ինչեւէ, մի կողմ թողնելով տեղեկատվական պատերազմը, Orer.am-ը, անդրադարձ կատարելով թիրախային մեկ այլ կետի՝ Տավուշի շրջանի սահմանամերձ գյուղերին, Ճշտեց, թե ինչ վիճակ է եղել գիշերը սահմանին եւ ինչ վիճակ է տիրում հիմա Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում: Կապ հաստատել հնարավոր եղավ միայն Պառավաքարի բնակիչ Լեւոն Չիլինգարյանի հետ, ով մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ կրակոցներ, իհարկե, հնչել են, սակայն այս պահին վիճակը համեմատաբար հանգիստ է. «Կրակոցներ այսօր էլ են հնչել, սակայն ամեն ինչ նորմալ է: Մենք վստահում ենք սահմանը պահող մեր զինվորներին, ասեմ ավելին, քանի որ մեր գյուղը սահմանին շատ մոտ է մենք մեր զինվորների ուժը շատ լավ ենք զգում, տեսնում ենք, թե ինչպես են տղաները պահում մեր երկրի սահմանները: Մենք մեր զինվորներին շատ ենք սիրում ու նրանց վերաբերվում ենք մեր էրեխեքի պես, ոչ միայն նրա համար, որ իրենք իրենց պարտքը լավ են կատարում, այլ նրա համար, որ ամեն րոպե պատրաստեն են իրենց կյանքը զոհել մեր երեխաների ու մեր հայրենիքի համար»,- ասաց Պառավաքարի բնակիչը:
Սոսե Չանդոյան