Եթե պատերազմ լինի, եզդիները մեկ մարդու պես կկանգնեն հայերի կողքին.Ազիզ Թամոյան
ИнтервьюՍահմանային լարումների հետ կապված՝ եզդիները շատ անհանգիստ են, քանի որ Հայաստանը նաեւ մեր երկիրն է: Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Վերհիշելով Արցախյան պատերազմը՝ Ա. Թամոյանը պատմեց. «Ղարաբաղի պատերազմի ժամանակ իմ ղեկավարությամբ հինգ հարյուր կամավորների եմ տարել, որպեսզի մասնակցեն կռվին: Այդ ժամանակ մենք ունեցանք 37 զոհ»:
Եզդիների միության նախագահը տեղեկացրեց նաեւ, որ ցանկացած պարագայում իրենք հայերի կողքին են եւ պատրաստ են աջակցել: Ինչպես նշեց Ազիզ Թամոյանը, Հայաստանում բնակվող բոլորը եզդիները վստահում են սահմանները պահող զինվորներին, որոնց շարքերն են համալրում նաեւ իրենց զավակները: «Այս պահին սահմանին կանգնած տղաները շատ լավ են պաշտպանում սահմանները ու պարզ է, որ հակառակորդ կողմն էլ է վնասներ ստանում ու տուժում: Այս պարագայում նրանք չեն հաղթելու: Իրենք հրահրում են եւ իրենք էլ ամենաշատը տուժում»,- ասաց Ազիզ Թամոյանը:
Նա նաեւ կարծում է, որ Ադրբեջանի նախագահը նման քայլերով ուզում է հիշեցնել, որ ինքը տվյալ երկրի նախագահն է: «Նման քայլերով նա պնդացնում է իր տեղը նախագահի աթոռին: Նորից կկրկնեմ, Աստված չանի, եթե պատերազմ լինի, եզդիները մեկ մարդու պես կկանգնեն հայերի կողքին»,- ասաց նա:
Խոսելով մուսուլմանների կողմից իրականացվող տարբեր ոտնձգությունների մասին՝ եզդիների միության նախագահը ասաց, թե մուսուլմանները քանդում են ողջ երկիրը: «Նրանք սովոր են բարբարոսություններ անելուն, իրենք հանգիստ չեն մնում: Տեսաք, թե Իրաքի հյուսիսային մասում ինչպես կոտորեցին եզդիներին: Նրանք մշտապես վարել են ու դեռ վարում են ագրեսորական քաղաքականություն»,- հավելեց Թամոյանը:
Սոսե Չանդոյան