Ալիևի հոգեվիճակը պարզելու համար նրան պետք է լուրջ դատահոգեբանական վերլուծության ենթարկել. Հ. Սահակյան
ИнтервьюՎերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից ցուցաբերվող անհեթեթ վարքագծին թեև միջազգային հանրությունը պատշաճ չի արձագանքում, բայց, այնուամենայնիվ, փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ ալիևյան վարչակազմի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերջին մեկ տարվա ընթացքում վարվող ագրեսիվ վարքի դրսևորումը պետք է, որ առիթ դառնար, որ ՀԱՊԿ-ը բողոքի նոտա հղեր Ադրբեջանին: Այս և այսօրինակ հարցադրումների վերաբերյալ Orer.am-ին իր մոտեցումները ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը:
- Պարոն Սահակյան, այս օրերին փորձագիտական շրջանակներում տեսակետ է շրջանառվում, որ Ադրբեջանի կողմից օր օրի ավելացող ագրեսիան կանխելու նպատակով ՀԱՊԿ-ը պետք է, որ բողոքի նոտա հղեր Ադրբեջանին: Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
- Այդ հարցի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արդեն խոսել է և իր վրդովմունքն ու տեսակետը հայտնել նման դեպքերին միասնական դիրքորոշում ցուցաբերելու հարցի վերաբերյալ: Նա նշել է, որ Ադրբեջանի քայլերը պետք է հստակ գնահատականի արժանանան, որպեսզի կանխվեն Ադրբեջանի կողմից ցուցաբերվող ագրեսիվ գործողությունները: Այդ մասին խոսել է նաև մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ժամանակ: Բացի այդ՝ այդ մասին մենք բազմիցս խոսել ենք, որ ոչ թե պետք է միակողմանի արձագանքել, այլ միջազգային հանրությունը պետք է առնվազն հստակ և հասցեական գնահատական տա այդ խնդրին:
- Այնուամենայնիվ, մեր երկրի և արտաքին գերատեսչության ղեկավարների կողմից հնչեցված կոչերը որքանո՞վ են իրենց ազդեցությունն ունենում միջազգային կառույցների կողմից երկակի ստանդարտներ բանեցնելուն վերջ տալու և ոչինչ չասող հայտարարություններն ավելի հասցեական դարձնելու համար:
- Ցավոք սրտի, ամբողջ աշխարհում այդ երկակի ստանդարտները կարծես դարձել են գործելաոճ և ինչու չէ, յուրաքանչյուր երկիր իր շահով առաջնորդվելով՝ փորձում է նաև օգտվել այդ երկակի ստանդարտ կոչվող բանաձևից: Բայց մենք պետություն ենք, որը երկու կողմից շրջապատված է թշնամի պետություններով և մեր երկիրը, անվտանգության երաշխավոր հանդիսացող միջազգային տարբեր կազմակերպություններին անդամակցելով, կարողանում է այնպես անել, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ՝ թվով երկրորդ ամենահզոր բանակն ունեցող պետությունը՝ Թուրքիան, չկարողանա որևէ ոտնձգություն կատարել մեր երկրի հանդեպ: Իմ կարծիքով՝ Ադրբեջանն էլ իր ներքին խնդիրներն ունի և այդ խնդիրները կոծկելու կամ որոշակի ժամկետով հետաձգելու համար փորձում է նման ոտնձգություններ կատարել մեր երկրի հանդեպ: Փառք աստծո, այդ քայլերն անպատիժ չեն մնում և ես վստահ եմ, որ մեր պետության, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովողը նախ և առաջ մեր բանակն է, որտեղ ծառայող 18 տարեկան մեր զինվորները հստակ գիտեն, թե ինչի համար են այնտեղ կանգնած և գիտեն նաև թե ինչպես պետք է պաշտպանեն մեր երկիրը:
- Վերջերս վերլուծաբանները հետաքրքիր դիտարկում էին ներկայացրել, որ Ալիևն արդեն երկրորդ մեծ միջոցառմանն է խուսափել անձամբ մասնակցել, որը թույլ է տվել վերլուծաբաններին եզրակացնել, որ միջազգային հանրությունն արդեն պատրաստ է բաց տեքստով Ադրբեջանի նախագահին իր տեղը ցույց տալ և այնպիսի վերաբերմունք դրսևորել, որի արդյունքում ակնհայտ կդառնա, որ միջազգային հանրությունը երես է թեքել իրենից: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
- Գիտեք, ես վաղուց չեմ փորձում մեկնաբանել Ալիևի արարքները, բայց նրա կողմից իրականացվող քայլերը ցույց են տալիս, որ նրան պետք է դատահոգեբանական լուրջ փորձաքննության ենթարկել՝ պարզելու վերջինիս հոգեվիճակը:
Արմինե Գրիգորյան