ՄԻԵԴ-ում ոչ իրավական մեթոդների կիրառման արդյունքում մեր գործերը գրեթե չեն քննվել վերջին շրջանում. Հայկ Ալումյան
ОбществоՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքի (www.echr.am) բացման արարողության ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով իր և իր կնոջ դրամական միջոցների հայտարարագրման մասին հրապարակումներին, համաձայն որի՝ միայն 2010-ին նրան ու կնոջը 35 միլիոն դրամ ու 100 հազար դոլար են նվիրել, ասել է, թե լուրջ հարցերը թողած պրիմիտիվ հարցեր են բարձրացնում:
Իսկ դիտարկմանը, թե հաշվետվություններում, նշված չէ100 հազար դոլար նվիրատվության աղբյուրը, Գ.Կոստանյանը պատասխանել է. «Ոչ մեկս դրամական որևէ միջոց անանուն աղբյուրից չունի, նվերները վերցնում ենք միայն մերձավորներից, այլ հարց է, որ աղբյուրը ենթակա չէ բացահայտման: Անանունն ու չբացահայտված լինելը տարբեր բաներ են»,- նշել է դատախազը:
Խոսելով մեր երկրի մասնակցությամբ ՄԻԵԴ-ում ընդունված վճիռների մասին` նա նշել է, որ մեր երկրի կողմից ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ի դրությամբ ներկայացվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 միլիոն եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 806 հազար եվրոն` ընդհանուր պահանջների շուրջ 5,4 տոկոսը:
Բավարարված գումարից 306 հազար եվրոն, այսինքն` բավարարված գումարի շուրջ 38 տոկոսը, վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին: Գ.Կոստանյանը նաև նշել է, որ ՄԻԵԴ-ի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն` 2002-2014թթ. դրությամբ ՀՀ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 2000 գանգատ:
Նկատենք, որ ՀՀ գլխավոր դատախազը խուսափել է նշել, թե նախորդ կամ ընթացքիկ տարում Հայաստանից քանի դիմումատու է եղել և տարեցտարի դրանց թիվը գնալով ավելանու՞մ է, թե՞ պակասում:
Փաստաբան Հայկ Ալումյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ՄԻԵԴ-ում շատ մեծ քանակությամբ գանգատներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը, քանի որ ՄԻԵԴ-ում աշխատող մեր անձնակազմին հաջողվել է պարալիզացնել Հայաստանին վերաբերող գործերի քննության ընթացքը: «Արդեն երկու տարուց ավելի է` մեր գործերի ընթացքն այնտեղ կաթվածահար է: Դա շատ նուրբ, բայց ոչ այդքան օրինական աշխատանքի արդյունք է: Այսինքն` Հայաստանի անձնակազմը, որը Եվրոպական դատարանում է, արդեն երկու տարուց ավելի է՝ քնեցրել են գործերը և եթե երկու տարվա մեջ կարող էր 50-100 դատական վճիռ լինել Հայաստանի դեմ, ապա այդ զարտուղի, ոչ իրավական մեթոդների կիրառման արդյունքում մեր գործերը գրեթե չեն քննվել վերջին շրջանում»,- ասաց Հ. Ալումյանը:
Ա. Գրիգորյան