Կառավարությունից պահանջում են ընտանեկան բռնության դեմ օրենք մշակել
ОбществоԱյսօր` հոկտեմբերի 1-ին, ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, ՀՀ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ երիտասարդներ ու կանայք: Հավաքի հիմնական նպատակն էր հերթական անգամ հասարակության ուշադրությունը հրավիրել Հայաստանում կանանց դեմ տեղի ունեցող ոտնձգություններին:
«Ընդդեմ կանանց դեմ բռնության» կոալիցիայի անդամները, ովքեր կազմակերպել էին ակցիան, Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ասացին, որ իրենց պահանջը հստակ է՝ իրենք ցանկանում են, որպեսզի ընտանեկան բռնությունը կարգավորող օրենք ընդունվի: Ինչպես նշեց ակցիայի մասնակից Անահիտ Սարգսյանը, առանց այդ էլ սոցիալական վատ պայմաններում ապրող կանայք պետք է գոնե պաշտպանված լինեն օրենքով: «Հայաստանում բռնության ենթարկված կանանց թիվը զգալի է եւ դա կարող ենք ասել՝ հիմնվելով այն տեղեկությունների վրա, որոնց մասին բացահայտ խոսվել է: Սակայն բոլորս էլ գիտենք, որ լինում են դեպքեր, երբ կանայք չեն դիմում իրավապահ մարմինների եւ համապատասխան կազմակերպությունների իրենց իրավունքները պաշտպանելու համար, նրանք նախընտրում են լռել, ինչն էլ հանգեցնում է նոր բռնությունների իրագործմանը: Հինգ տարիների ընթացքում ոստիկանությունում միայն 447 դեպք է գրանցվել ոստիկանությունում, իսկ 2000-ից ավելի դեպքեր են գրանցվել հասարակական կազմակերպություններում»,- ասաց նա:
Ինչպես զրույցի ընթացքում նշեց Ա. Սարգսյանը, հինգ տարի շարունակ «Ընդդեմ կանանց դեմ բռնության» կոալիցիան պայքարում եւ ակցիաներ է կազմակերպում ընտանեկան բռնության դեմ, ինչն ունենալու է շարունակական բնույթ: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որ բռնություն կոչվածը վերանա հայկական ընտանիքներից: Չի կարելի անտեսել, հարկավոր է մշտապես ուշադրության կենտրոնում պահել տվյալ երեւույթը, քանի որ ոչ միշտ է, որ բռնությունն ավարտվում է միայն մարմնական վնասվածքներ ստանալով, մահվան ելքով բռնության առաջին դեպքը գրանցվել է 2010 թվականին»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Սոսե Չանդոյան