Հակաքրդական հիստերիան թուրքերը փորձում են շուռ տալ հայերի վրա. թուրքագետ
ИнтервьюԹուրքիայում մինչ օրս շարունակվում են հայերի դեմ ոտնձգությունները, սակայն դրանք կյանքի են կոչվում քրդական հակամարտություն կոչվածի անվան տակ: Orer.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով թուրք-քրդական հակամարտությանն ու հակահայ ալիքներին նշեց, որ հիմա Թուրքիայում հատուկ կերպով ուժեղացվում է հակաքրդական հիստերիան: «Դա ուղիղ կերպով կապված է նոյեմբերին կայանալիք ընտրությունների հետ: Ես համոզված եմ, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները հաշվարկել են հետեւյալը, որ եթե իրենք թույլ տան, ապա քրդամետ ժողովուրդները ոչ միայն կմտնեն խորհրդարան, այլեւ կուժեղացնեն իրենց դիրքերը երկրում, այդ իսկ պատճառով նրանք հարվածներ են հասցնում Քուրդիստանի բանվորական կուսակցության դիրքերին: Հարվածներ հասցնելու հիմնական նպատակը մեկն է` նրանց դիրքերը թուլացնել եւ հասնել այն բանին, որ նրանք չկարողանան մտնել խորհրդարան: Կարծում եմ, որ նրանք նույնիսկ ծրագրեր են մշակում, որպեսզի կուսակցության ղեկավարներին թույլ չտան մասնակցել քաղաքականությանը»,- նշեց քաղաքագետը:
Ռուբեն Սաֆրաստյանը, օրինակ բերելով թուրքական իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացվող սադրանքները, նկատեց. «Մենք տեսանք, որ քրդերի դեմ պայքարում իշխանությունները սադրում էին փողոցային խուժաններին, որպեսզի նրանք հարձակվեն հայկական թաղամասերի վրա: Հայերը, իհարկե, շատ արագ կազմակերպվեցին ու թույլ չտվեցին, որպեսզի թաղային խուժանը ներխուժի հայկական թաղամասեր: Բայց դա էլ քիչ էր թուրքական իշխանությունների համար եւ մի թերթում սադրիչ բնույթի հոդված տպագրվեց հետեւյալ կոնտեքստով, իբր Քրդական բանվորական կուսակցությունը համարվում է ահաբեկչական խմբավորում, որն էլ ղեկավարվում է հայերի կողմից: Այսինքն հակաքրդական հիստերիան թուրքերը փորձում են շուռ տալ հայերի վրա եւս: Պատմությունն ուսումնասիրելով տեսնում ենք, որ դա նրանց բնորոշ ձեռագիր է»:
Անդրադարձ կատարելով նաեւ քրդական գործողություններին՝ թուրքագետը նշեց, որ քրդերը, այնուամենայնիվ, կստեղծեն իրենց պետությունը: «Այն իրադարձություները, որոնք տեղի են ունենում, վաղ թե ուշ հանգեցնելու են քրդական պետության առաջացմանը, քանի որ տեսնում ենք, որ քրդական գործոնն ուժեղանում է: Տեսնում ենք, որ Իրաքի հյուսիսում կա այսպես կոչված քրդական ինքնավարություն, տեսնում ենք նաեւ, որ Սիրիայի քրդերը որոշ չափով ինքնավարություն են սահմանել եւ հնարավոր է՝ որոշ ժամանակ անց ավելի լուրջ քայլերի գնան, որը կտանի դեպի անկախություն: Փաստորեն քրդական գործոնը Մերձավոր արեւելքում ուժեղանում է, եւ ես համոզված եմ, որ դա ընդամենը մի քանի տարվա ընթացքում կհանգեցի քրդական պետության առաջացմանը: Այդ գործընթացն անխուսափելի է»,- ասաց թուրքագետը:
Սոսե Չանդոյան