«Հո քյասիբի պրյոմնիկ չե՞նք». «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Ա. Կարապետյան
ИнтервьюԱրամ Կարապետյանը թեև ակտիվ մասնակցում է թե՛ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքներին, թե՛ սահմանադրական փոփոխությանն ընդդիմացող ցանկացած ուժի ու նախաձեռնության կողմից կազմակերպվող քննարկումներին, բայց այդ ակտիվությունը կարծես թե այնքան էլ չի երևում: Orer.am-ի հետ զրույցում Ա.Կարապետյանը տեսակետ հայտնեց, որ ինքն իրականում այնքան էլ պասիվ չէ և եթե ժողովրդին ակտիվացնելու խնդիր լինի, ապա ձեռքերը ծալած չի նստի: Քաղաքական գործչի կարծիքով՝ «Ո՛չ»-ի կողմնակիցներն էլ պետք է փորձեն համախմբվել, հակառակ դեպքում ոչինչ էլ չի ստացվի:
- Դուք և ձեր կուսակցությունը կմիանա՞ք «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությանը:
- Այո՛ և ճիշտ կինի, որ բոլորն իրար հետ համագործակցեն և կարծում եմ, որ շուտով այդպիսի բան պետք է որ լինի, որովհետև մի քանի ճակատը մի քիչ սխալ է:
- Դուք ավելի շատ ո՞ւմ հետ եք բանակցում:
- Ես առայժմ ոչ թե բանակցում եմ, այլ մտքեր եմ փոխանակում գրեթե բոլոր կողմերի հետ:
- ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեսակետ էր հայտնել, թե «Ո՛չ»-ի կամ «Այո՛»-ի ճակատներ չի տեսնում, փոխարենը ՕԵԿ-ի շուրջ հավաքված 130 հասարակական-քաղաքական ուժն է իր կարծիքով արդեն իսկ լրջագույն ճակատ: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
- Կա «Ո՛չ»-ի ճակատ: Այլ հարց է, թե ինչքան է դրա էֆեկտիվությունը: Կարող է դեռևս լայն ճակատ չկա, բայց որոշակի կայացած ուժեր կան, որոնք դեմ են փոփոխությանը: Նորից եմ կրկնում, որ եթե «Ո՛չ»-ի ճակատը իմիտացիա չէ, ապա ես կցանկանայի, որ բոլոր ուժերը համախմբվեին և համագործակցության ձևեր գտնեին:
- Ձեր տպավորությամբ «Ո՛չ»-ականների ընդվզումը իմիտացիոն բնույթ չի՞ կրում:
- Փաստ է, որ իրականում իմիտացիոն բնույթ չի կրում ո՛չ ձևավորված ուժերի, ո՛չ էլ ժողովրդի շրջանում: Այլ հարց է, թե որքանով հնարավոր կլինի պայքարն առավել արդյունավետ դարձնելու շնորհիվ այն լուրջ շարժման վերածել: Դա է խնդիրը:
- Ձեր կանխատեսումներով՝ կհաջողվի՞ լուրջ շարժման վերածել:
- Այդ հարցում կանխատեսում չէի անի, քանի որ ժողովուրդը բավականաչափ պասիվ է այդ հարցում: Բոլորն էլ գիտեն, որ Հայստանը Սահմանադրությամբ չի ապրում: Բացի այդ, ժողովուրդն այս ամենի մեջ մոտիվացիա չի տեսնում, թե Սահմանադրությունը ինչու են փոխում: Ժողովուրդն առաջին հերթին ուզում է հասկանալ, որ եթե Սահմանադրությունը բերեցին, փոխեցին, ինչի վրա բավականին մեծ գումար է ծախսվել, դրանից հետո ինչ է փոխվելու:
-Տեսակետ կար, որ Սահմանադրական փոփոխության վրա ծախսված գումարները, եթե տնտեսությունում ներդնեին, օգուտն ավելին կլիներ:
- Եթե քաղաքական համակարգը չի փոխվում, քաղաքական կամք չի դրսևորվում, նոր մարդիկ չեն գալիս, ապա ոչինչ էլ չի փոխվում: Հայաստանում անհնար է ռեալ որևէ բան փոխել: Դրա համար ժողովուրդը չի հասկանում, թե Հայաստանի, իր կյանքի որակը բարելավելու համար այդ բարեփոխումները պետությանն ինչ են տալու: 2005-ին էլ բարեփոխեցին Սահմանադրությունը, 2008-ին բարեփոխված Սահմանադրությամբ կրակեցին ժողովրդի վրա և մարդիկ հասկացան, որ յուրաքանչյուր բարեփոխում ավելի վատ ազդեցություն է ունենում, որովհետև մոտիվացիա չկա: Ոչ ոք չի կարողանում բացատրել, երկրի նախագահից սկսած, թե երկրի համար, պետության համար այսօրվա դրությամբ բարեփոխումներն ինչի են հանգեցնելու: Մարդիկ չե՞ն արտագաղթելու, հարկերի ու վարկերի տակ այդքան չե՞ն ճկռելու, գյուղացիները կարողանալո՞ւ են աշխատել ու իրենց աշխատանքն իրացնել, էլ չեմ ասում՝ դատարաններ, դատախազություն, կոռուպցիա և այլն: Եթե դրանք սահմանադրական փոփոխությամբ լուծվող հարցեր են, լավ, բայց այս հարցերը Սահմանադրությունը փոխես-չփոխես, նույնն է մնալու:
- Լավ, իսկ ինչո՞ւ եք այդքան պասիվ թե՛ մամուլում, թե՛ քաղաքական կյանքում:
- Իմ հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է և դա երևում է նաև մարդկանց վերաբերմունքից: Ես բազում փաստարկված ծրագրեր ունեմ, բայց եթե չի լսվում, չի ընդունվում, էլ ի՞նչ ասեմ: Մնում է մեկ բան՝ եթե դու քաղաքական գործիչ ես ու լուրջ մարդ և քո ներկայացրած փաստարները չեն դնում կասկածի տակ, չեն ապացուցում, որ դու սխալ ես, էլ ի՞նչ խոսեմ: Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «հո քյասիբի պրյոմնիկ չե՞նք»: Մենք խոսում ենք, դուք գրում եք, բայց հետո՞: Դրանից ի՞նչ է փոխվում մեր երկրում:
- Հիասթափվա՞ծ եք քաղաքականությունից:
- Հիասթափված չեմ, ընդհակառակը, ինչ-որ տեղ վատ եմ զգում, որ երկրի վիճակը գնալով վատթարանալու է, կտեսնեք, որ շատ է վատթարանալու, բայց, որպես քաղաքական գործիչ՝ հասկանում եմ, որ պետք է մի անգամ բոլորս թողնենք, որ ամեն ինչ այնքան վատթարանա, որ գնանք սրբենք, պրծնենք ու հետո զրոյից սկսենք:
Արմինե Գրիգորյան