Տնտեսագետ. Սահմանամերձ համայնքների համար զարգացման նոր նախադրյալներ են ստեղծվում
ИнтервьюԿառավարության նախորդ նիստում Գործադիրը «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ հաստատեց, որի շուրջ Orer.am-ը զրուցեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ:
«Նախագիծը ողջունելի է, քանի որ դրանով, ըստ էության, Կառավարությունը ձգտում է էլ ավելի շոշափելի դարձնել սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները:
Կարծում եմ՝ մեծացնելով արտոնությունների շրջանակը, ինչպես նաև բացի սահմանամերձ գյուղական համայնքները, արտոնություն տրամադրելով նաև սահմանամերձ քաղաքային համայնքներին՝ որոշակի նախադրյալներ ենք ստեղծում սահմանամերձ տարածքներում տնտեսական գործունեության կազմակերպումը գրավիչ դարձնելու իմաստով»,- ասաց Կ. Խաչատրյանը:
Նրա խոսքերով, սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ստեղծումը սոցիալական հստակ խնդիր է լուծում՝ զբաղվածության ապահովում և բնակչության կենսամակարդակի աճ, ուստի նմանօրինակ նախաձեռնությունները միմիայն դրական ազդեցություն կարող են ունենալ տնտեսության վրա:
«Նախագծով երկու հիմնական փոփոխություն է նախատեսվում: Նախ՝ ընդլայնվում է արտոնությունների տարածքային ընդգրկումը. սահմանամերձ գյուղերից զատ արտոնությունները տարածվում են նաև սահմանամերձ քաղաքների վրա: Սա իրականում շրջադարձային կարող է լինել արտոնությունների դրական ազդեցությունը մոտ ապագայում շոշափելի դարձնելու տեսակետից:
Բանն այն է, որ սահմանամերձ գյուղերում համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը էապես խոչընդոտում է այնտեղ արտադրատնտեսական գործունեություն ծավալելուն: Եվ անգամ արտոնությունների տրամադրումը չի փոխում իրերի դասավորությունը: Արդյունքում սահմանամերձ գյուղերում արտադրական գործունեության որոշակի մասի իրականացման անհնարինության պարագայում այդ գործունեությունն իրականացվում է մոտակա քաղաքային համայնքներում:
Տվյալ պարագայում սահմանամերձ քաղաքային և գյուղական համայնքում իրականացվող գործունեությունը դառնում է ընդհանուր արտադրական շղթա, և բավականին բարդ է լինում տարանջատել թե արտադրական գործընթացի որ մասն է իրականացվում գյուղական համայնքում, որը` քաղաքային: Նախագծի ընդունումից հետո այլևս նման խնդիր չի լինի, քանի որ արտոնությունը կտարածվի նաև սահմանամերձ քաղաքային համայնքներում ծավալած տնտեսական գործունեության վրա»,- ասաց տնտեսագետը:
Ըստ նրա՝ նախագծի երկրորդ կարևոր կետը առնչվում է արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման և արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություններ տրամադրելուն:
«Սա ևս իրական աջակցություն կլինի տնտեսվարողներին և էապես կթեթևացնի սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալող ընկերությունների հարկային բեռը»,- հավելեց Կ. Խաչատրյանը: