Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս չէր հեռացել քաղաքականությունից. Վահրամ Բաղդասարյան
ИнтервьюOrer.am-ը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի վերաբերյալ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
-Պարոն Բաղդասարյան, Ռոբերտ Քոչարյանը բացասական է արտահայտվել՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ եւ հայտարարել, որ քաղաքական մենաշնորհը դառնում է իրավական նորմ:
-Ես չեմ կարող համաձայնել Ռոբերտ Քոչարյանի այն մտքի հետ, որը վերաբերում է սահմանադրական դրույթներին, իբր կարող է քաղաքական մենաշնորհ ստեղծվել: Ընդհակառակը, քաղաքական կուսակցությունների, առավել եւս ոչ իշխանական քաղաքական ուժերի դերակատարությունն ընդլայնվում է, դա ապացուցող բազմաթիվ դրույթներ կան: Ինձ թվում է, նրա այդ խոսքն անձնական կարծիք է եւ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից, եղել է երկրի նախագահ, թե շարքային քաղաքական գործիչ, իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի: Բնականաբար, որեւէ մեկն էլ չի կարող բռնանալ մարդկանց կարծիքների վրա:
-Նրա կողմից հնչեցվող սուր քննադատությունները կարո՞ղ ենք կապել իր՝ քաղաքական կյանք վերադառնալու հետ:
-Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս չէր էլ հեռացել քաղաքականությունից:
-Իսկ ի՞նչ գործունեություն է ծավալել մինչ օրս քաղաքական կյանքում:
-Նա իր մեկնաբանություններով, իր ելույթներով է մասնակցել քաղաքական իրադարձություններին, չէր կարող Հանրապետության համար նման դերակատարում ունեցող մարդն աննկատ հեռանալ քաղաքական դաշտից: Կարծում եմ, որ նա միշտ եղել է քաղաքականության մեջ եւ բազմիցս եմ ասել, որ խորհրդարանական այս մոդելն ամենալավ հնարավորությունն է ցանկացած քաղաքական գործչի համար, որ իրենց հնարավորությունները փորձեն պառլամենտական ընտրությունների ժամանակ, որը կլինի 2017 թվականին:
-Ոչ միայն հայտարարությունները, այլեւ հստակ քայլերը ՀՀ 2-րդ նախագահի կողմից սպառնալիք կլինե՞ն ՀՀԿ-ի համար:
-Ոչ, այդ քայլերն ավելի կհետաքրքրացնեն մեր քաղաքական դատը:
-Ուզում եք ասել՝ ավելի խելացի ու փորձառու քաղաքական գործիչների հետ պայքարի մեջ մտնելն ավելի՞ հետաքրքիր է:
-Ես չեմ ցանկանա ուրիշներին թերագնահատել՝ կապված խելացիության հետ, սական որքան փորձառու քաղաքական գործիչ լինի դաշտում, այդքան քաղաքական պայքարը հետաքրքիր կլինի:
-Իսկ երկրի հաջորդ ղեկավարի հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունեք: Նախագահը բացահայտ հայտարարել է, որ պատկերացում է կազմում, թե ով է լինելու տվյալ անձը:
-Ես տեղեկություններ չունեմ, նման քննարկումներ չեն եղել:
Սոսե Չանդոյան