Թուրքական ուղղաթիռների՝ ՀՀ օդային սահմանի խախտումը ակնարկ էր Ռուսաստանին
ИнтервьюՕրերս թուրքական ուղղաթիռները հատել էին ՀՀ օդային սահմանը: Երևանի հարցմանն ի պատասխան, թուրքական կողմը պնդել է, թե ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: Թուրքական կողմի պաշտոնական պատասխանի վրա, իհարկե, զարմանալ պետք չէ, քանի որ ուղիղ ու ճշմարիտ խոսքն այս պարագայում թերեւս միայն ժպիտ կառաջացներ:
Թուրքական ուղղաթիռների՝ հայկական օդային սահմանը հատելը որպես ակնարկ ավելի շատ ՀՀ-ին, թե ՌԴ-ին էր ուղղված, Orer.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Սա ավելի շատ ակնարկ է Ռուսաստանին, քան Հայաստանի Հանրապետությանը: Հիշենք, որ այս օրերի ընթացքում ռուսական կողմը երեք անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը Սիրիայի սահմանագոտում: Հոկտեմբերի 3-ին եւ 4-ին գրանցվեցին առաջին խախտումները ռազմական ինքնաթիռների կողմից, որի հետեւանքով էլ Թուրքիան անգամ ՆԱՏՕ-ի ժողով հրավիրեց Բրյուսելում, որը քննարկում էր Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները, սակայն դրանից հետո ռուսական ինքնաթիռը եւս մեկ անգամ խախտեց Թուրքիայի օդային տարածքը: Այս զարգացումներից հետո թուրքական կողմը միտումնավոր խախտեց Հայաստանի օդային տարածքը, սակայն ոչ թե ինքնաթիռների տեսքով, այլ ուղղաթիռների: Պետք է նկատեմ, որ դա պատահականություն չէր, քանի որ մինչ օրս Թուրքիան նման քայլի չէր գնացել, սա կոնկրետ պատասխան էր ռուսական կողմին: Պաշտոնական Անկարան լավ գիտի, որ հայ-թուրքական օդային սահմանի անվտանգությունն ապահովում է պաշտոնական Մոսկվան: Այս քայլով Թուրքիան փորձեց ցույց տալ, որ ստեղծված խնդիրների մեջ կարող է ներքաշել այն պետություններին, որոնք տարածաշրջանում հանդիսանում են Ռուսաստանի ռազմավարական գործընկերներ, իսկ Հայաստանի Հանրապետությունն առաջին գործընկերն է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ վտանգների առաջ կարող է կանգնել ՀՀ-ն, եթե վիճակը Սիրիայում ավելի թեժանա, քաղաքագետը պատասխանեց. «Պետք է հաշվի առնել, որ իրավիճակը Սիրիայում կարող է էլ ավելի թեժանալ, եւ թուրքական կողմն ու նրա մեջքին կանգնած ուժերը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, կարող են Անկարային հորդորել եւ հովանավորել, որ Անկարան հնարավորինս շեղի Ռուսաստանի ուշադրությունը Սիրիայից, իսկ նրա ուշադրությունը շեղելու տարբերակներից մեկը Հայաստանի նկատմամբ սադրանքների թվի ավելացումն է»,- նշեց Գ. Համբարյանը:
Քաղաքագետը հայ-ադրբեջանական սահմանային լարումները եւս կապեց Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ: «Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները եւս կապում եմ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Մեզ վրա հարձակվելով՝ Ադրբեջանի եւ նրա թիկունքում կանգնած ուժերի ցանկանում են շեղել պաշտոնական Մոսկվայի ուշադրությունը եւ այս ամենում Հայաստանը կարող է «անմեղ զոհ դառնալ», այսինքն՝ մենք խառնվելու ենք գերտերությունների խոշոր խաղերին եւ լինելով փոքր պետություն՝ կարող ենք շատ մեծ խնդիրներ ունենալ: Պաշտանական Երեւանը չպետք է ձկան դիվանագիտություն վարի եւ ձայն չհանի: Նման գործելաոճով մենք երբեք առաջ չենք գնա: Մենք պետք է խիստ հայտարարություններով հանդես գանք, քանի որ սադրանքները չպատժելը ծնում է նոր կրկնակի սադրանքներ»,-ասաց քաղաքագետը:
Սոսե Չանդոյան