Ալիեւը զինատեսակների եւ կենդանի մսացուի խնդիր չունի. Հ. Հարությունյան
ИнтервьюԻնչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից: Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և կանխարգելիչ քայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:
Թե իրականում ինչ է ցանկանում ապացուցել ալիեւյան արյունասեր կլանը սեփական ժողովրդին, Orer.am-ը պարզեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանից. «Տարիներ շարունակ ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը: Նրանք մեզ նախապատրաստում են պատերազմի: Այս գործելաոճը, դիվերսիոն հարձակումները եւ այլն, մի քանի նպատակ են հետապնդում: Բացի երեկ տեղի ունեցած դեպքից՝ օրեր առաջ նրանք դիվերսիոն հարձակում կատարեցին եւ ջախջախվեցին, իրենք ուզում են փորձել մեր բանակի մարտունակությունը»,- ասաց նա:
Խոսելով Ադրբեջանի զինատեսակների մասին՝ Հ. Հարությունյանն ասաց, որ «Ալիեւը զինատեսակների եւ կենդանի մսացուի խնդիր չունի»: «Իսկ նրանց գործողությունները եւ զոհերի թիվը խոսում է մեկ բանի մասին, որ կենդանի ուժի կորուստը նրանց չի մտահոգում»,- նկատեց հանձնաժողովի անդամը՝ շեշտադրում կատարելով այն հանգամանքին, որ ադրբեջանական իշխանությունները խոշոր հաշվով թքած ունեն իրենց երիտասարդների կյանքերի վրա: «Սա է ամենավատը, ինչը չի դատապարտվում միջազգային հանրության կողմից, ի վերջո, մենք իրենց համար թշնամի ենք, սակայն շատ տարօրինակ է, որ երբ ամեն մի սպանված հայի դիմաց 5-6 երիտասարդ է զոհվում, ու դա չի մտահոգում ադրբեջանական իշխանություններին: Ի վերջո, եթե մարդասիրաբար նայենք, նրանք էլ իրենց ծնողների որդիներն են: Ալիեւի՝ սեփական երիտասարդների նկատմամբ անխնա վերաբերմունքը վկայում է այն մասին, որ նրանք հաջողության են ուզում հասնել սեփական երիտասարդների արյան գնով»,- նշեց նա:
Հարցին, թե ինչու է միջազգային հանրությունը վարում «ջայլամային քաղաքականություն», պատգամավորը պատասխանեց. «Իբր որ մի կոնֆլիկտին է միջազգային հանրությունը ուշադրություն դարձնում, որ հայ-ադրբեջանականին էլ դարձնի: Այն թեժ կետերում, որտեղ մարդկային կյանքեր են խլվում, միջազգային հանրությունը լռում է եւ ամենասարսափելին այն է, որ մինչ այսօր այդպես էլ չձեւակերպվեց ագրեսորի կերպարը, թե որ երկիրն է իրականում ագրեսիա անում եւ որը՝ պաշտպանվում: Եթե չեմ սխալվում՝ ՄԱԿ-ի կոնվենցիաներից մեկն ունի ձեւակերպում, թե որ երկիրն է ագրեսոր համարվում: Եթե այսօր ադրբեջանական կողմը հազարավոր անգամ խախտում է հրադադարի ռեժիմը, ապա միջազգային կազմակերպություններն ընդամենը ցանկություն են հայտնում, որ կողմերը չխախտեն հրադադարի պայմանները, ինչը սխալ մոտեցում է»:
Սոսե Չանդոյան