Գյումրին ցնցված է. ինքնասպան հայրը զավակներին սեռական ոտնձգության էր ենթարկել
Գյումրիում սեպտեմբերի 10-ին ինքնասպան եղած 51-ամյա Ս. Գ.-ին եղբոր տան տանիքից կախված վիճակում գտել են նրա հարազատները: Ծնողները հրաժարվեցին խոսել որդու քայլի հնարավոր դրդապատճառների մասին, միայն կինը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ ինքնասպանությունից ժամեր առաջ ամուսինների միջեւ վեճ է տեղի ունեցել, եւ անչափահաս երեխաները հեռացել են տնից։
Կնոջ խոսքով, իր երկու երեխաները տնից հեռացել են հոր պատճառով: 3 օր առաջ 9-ամյա տղան եւ 11-ամյա աղջիկը հարեւանուհու տնից դուրս գալուց հետո անհետացել են։ Մայրը դիմել է ոստիկանություն, որոնողական աշխատանքներից հետո երեխաներին գտել են տատիկի տանը՝ Շիրակի մարզի գյուղերից մեկում:
«Գնացել էին հարեւանուհու տանը խաղալու, հայրն ասել էր, որ 18:15-ին տանը լինեն, խաղով են ընկել ու ժամը չեն նայել՝ քանիսն է, 18:30-ն է եղել, հարեւանի աղջիկն ասել է՝ շուտ արեք, գնացեք, թե չէ պապադ կծեծի, որ ուշանաք, իրենք էլ մտածել են, որ պապան կծեծի, փախել են, բայց ոստիկանությունից իրանց տարան մանկատուն, երեխաները տուն չուզեցին գալ՝ հորից վախենալով»,- պատմեց երեխաների մայրը:
Երեխաների մորական տատը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են երեխաները հայտնվել իրենց տանն, ու իրականում ինչու չէին ուզում տուն վերադառնալ։ Երեխաները տատիկին պատմել են, որ հայրը սեռական ոտնձգություն է կատարել իրենց նկատմամաբ, դրա համար են վախենում տուն վերադառնալ:
«Երեխաները իմ ու պապի ներկայությամբ ոստիկանությանը պատմեցին, որ 5 օր առաջ հայրը աղջկա շորերն է հանել, էրեխեն փախել է ու այդպես կրկնել մի քանի անգամ, տղային էլ է արել, ինքը մշտական հարբեցող է եղել, ու երեխեքն ասում են, որ իրենց ծեծում, ջարդում էր»-պատմեց տատիկը:
Երեխաների մայրը վստահեցրեց, որ տեղյակ չէ՝ ինչ է տեղի ունեցել երեխաների ու հոր միջեւ իր բացակայության ժամանակ, երեխաներն իրեն ոչ մի բան չեն պատմել, բայց նրանք միշտ վախեցել են հորից:
«Ինձ ոչ մի բան չեն պատմել, ես ոչ մի բան չեմ իմացել, բայց չեմ էլ ուզում հավատալ դրան»,-ասաց մայրը:
51-ամյա Ս. Գ.-ի դեմ ոստիկանություն օգոստոսի 26-ին բողոք է ներկայացրել հարեւանուհին՝ հայտնելով, որ նա սեռական ոտնձգություն է կատարել իրենց 5 տարեկան տղայի նկատմամբ: Ինքնասպանությունից ժամեր առաջ ամուսինները վիճել են այդ թեմայով, կինն ասել է՝ կբաժանվի, եթե ոստիկանությունը հաստատի բողոքի իսկությունը: Նախօրեին էլ, տեղեկանալով, որ երեխաները փախել են տնից ու ոստիկաններին բողոքել հոր սեռական ոնտձգությունների մասին, կինը սպառնացել է ամուսնուն, որ կտրուկ քայլերի կդիմի:
«Ես իրեն ասացի, որ եթե ճիշտ դուրս գա այդ ամենը, ուրեմն ես էդ բողոքի թղթերը հատիկ-հատիկ կկերցնեմ քեզ ու կբաժանվեմ, ինքն էլ ասեց, որ այդպիսի բան չկա ու դուրս եկավ՝ ասելով՝ հիմա ի՞նչ անեմ, ինքնասպան լինեմ, որ հավատա՞ք, որ ես նման բան չեմ արել, ու գնաց կախեց իրան»,- պատմեց կինը։
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հարուաններն իսկապես բողոք են ներկայացրել, ինչի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 142 հոդվածի (անառակաբարո գործողություններ) հատկանիշներով։
Անչափահաս երկու երեխաներն այժմ գտնվում են մանկատանը։ Ընտանիքում բացի նրանցից եւս երկու երեխա կա՝ մեկուկես տարեկան ու 6 օրական տղաներ։ Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, հայրը չէր աշխատում, մայրը՝ նույնպես։