Հարկային ոլորտի բարեփոխումների արդյունքները՝ ըստ Միքայել Մելքումյանի
ИнтервьюՀամաշխարհային բանկը դրական է գնահատում ՀՀ-ում իրականացված հարկային բարեփոխումները, մասնավորապես նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ թղթաշրջանառության նվազեցումը: Թե ինչ օգուտներ են գրանցվել վերջին տարիներին կատարված հարկային փոփոխությունների արդյունքում ՀՀ տնտեսությունում, արդյոք ներդրված ջանքերը դրական են ազդել տնտեսության վրա՝ նպաստել ստվերի կրճատմանը, կոռուպցիան ռիսկերի նվազեցմանը, այս եւ կարեւոր այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագայի տեղակալ Միքայել Մելքումյանի հետ:
Մինչ օրս կատարված աշխատանքներից կան քայլեր, որոնց Մ. Մելքումյանը դրական գնահատանքի է արժանացնում, սակայն կան նաեւ հարցեր, որոնց շուրջ նրա կարծիքը տարբերվում է: «Սկսեմ դրական քայլերից՝ հաշվետվություններ ներկայացնելը էլեկտրոնային եղանակով շատ կարեւոր հարց է, քանի որ շփումը հարկատուի եւ հարկային ծառայության աշխատակցի միջև գրեթե բացառվում է: Այս մեթոդն արդեն երկար ժամանակ է, ինչ կիրառվում է, առանձին բացառություններից բացի, այն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային համակարգով: Ես շատ նորմալ եմ համարում հարկային աշխատակցի հետ շփման բացառումը, որովհետեւ դա նվազեցնում է ե´ւ կոռուպցիոն ռիսկերը, ե´ւ բյուրոկրատական քաշքշուկները: Երկրորդ կարեւր ձեռքբերումը համարում եմ փոքր եւ միջին բիզնեսի հետ կապված հարցը, հիշո՞ւմ եք՝ 58 միլիոնի շեմն առեւտրի ոլորտում բարձրացավ 115 միլիոնի եւ այս պարագայում խնդիրը եւս լուծվեց»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ առեւտրի ոլորտի աշխատակիցների պայքարը եւս դրական քայլ էր, քանի որ «115 միլիոնի շեմը բավական պատկառելի թիվ է»: «Բոլոր դեպքերում, խնդիրը շրջանառության ճիշտ հաշվառման մեջ է, այսօր շրջանառության ամբողջական հաշվառում իրականացնելը բարդ է: Այդ քայլը փոքր եւ միջին բիզնեսների համար շատ դրական եմ համարում, այսինքն՝ աշխատողն է որոշում՝ աշխատո՞ւմ է փաստաթղթով 1%-ով, թե՞ առանց փաստաթղթի՝ ավելի բարձր տոկոսադրույքով»,- ասաց պատգամավորը:
Որպես երրորդ կարեւոր եւ դրական քայլ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալն առանձնացրեց գնապիտակների կիրառման հարցը: «Դրա կիրառումը բավական կարեւոր հարցեր լուծեց տնտեսության մեջ: Հյութերի եւ ջրերի վրա պիտակավորում դնելուց հետո շրջանառությունը երեք անգամ աճեց, իսկ դա նշանակում էր, որ մինչ այդ ստվերում բավական մեծ թվով մարդիկ կային»,- ասաց նա: Պարոն Մելքումյանն առաջ քաշեց եւս մի քանի ոլորտներ, որտեղ կատարված փոփոխությունները նկատելի են եղել եւ արդյունավետ:
«Չորորդ ուղղությունը, որտեղ տեղի են ունեցել դրական փոփոխություններ, այն է, որ կառավարությունն ընդունել է մի օրենք, ըստ որի՝ արդյունաբերական գոտիներ պետք է ստեղծվեն բոլոր մարզերում, որոնք էլ հարկերից ընդհանրապես ազատված կլինեն: Հաջորդ ուղղությունը հարկային վարչարարության իրականացումն է, որտեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար օրենքով այնպիսի լիազորություններ ենք տվել, որ եթե ճանապարհին կամ պահեստում հայտնաբերվում է անփաստաթուղթ ապրանք, այդ ժամանակ խնդիրը շատ արագ է լուծվում: Բավական դրական եմ համարում նաեւ ավելացված արժեքի հարկի հետաձգման հարցը: Այդ օրենքի հեղինակը ես եմ: Օրինակ, եթե մարդ ներկրում է 200 միլիոն դրամից ավելի ապրանք, կառավարությանը տրված է իրավունք, որ 3 տարով հետաձգի ավելացրած արժեքի հարկի վճարումը, ժամանակին դա վերաբերում էր միայն 300 միլիոնին»,- ասաց նա:
Խոսելով դրական փոփոխությունների մասին՝ Մ. Մելքումյանն անկատ չանցավ նաև հանքաարդյունաբերության ոլորտի կողքով: Ըստ պատգամավորի՝ գործող «ռոյալթի» կոչվող հարկատեսակը վերաիմաստավորելու կարիք ունի: «Բազմաթիվ դրական օրենսդրական եւ վարչարարական փոփոխություններ են իրականացվել, սակայն, թե ինչ էֆեկտ է տալիս, այլ հարց է: Կան հարցեր, որ հարկային մարմինը կարող է լավ իրականացնել, սակայն հարցը չկարգավորվի այլ ոլորտներում»,- նկատեց պատգամավորը:
Սոսե Չանդոյան