Քաղաքագետ. Շտաբի պետի ու վարչապետի պաշտոնների համատեղման օրենսդրական արգելք չկա
ИнтервьюՕրեր առաջ հայտնի դարձավ, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի շտաբը ձևավորելու և ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչը հետևյալ հարցադրմանը հանգեցրեց. արդյո՞ք համատեղելի է վարչապետի ու շտաբի պետերի պաշտոնները օրենքի տեսանկյունից:
Թույլատրելի՞ է, արդյոք, հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչական ապարատի ղեկավարումը վարչապետին վերապահելը և կան արդյոք երաշխիքներ, որ վարչական բոլոր հնարավոր լծակները վարչապետը չի ծառայեցնի «Այո»-ի «օգտին»:
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ հնչեցվող մտահոգությունների պատասխանը կարելի է գտնել գործող օրենսդրությունում, մասնավորապես՝ հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության կազմակերպման կարգը, դրա թույլատրելի սահմանները, ինչպես նաև քարոզչությանը մասնակցելու սահմանափակումներն ամրագրող «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով:
«Վկայակոչված օրենք ուղղակիորեն արգելվում է քարոզչություն կատարել և քարոզչական բնույթի ցանկացած նյութ տարածել պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին՝ բացառություն սահմանելով քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների համար»,- նշեց Ա. Հովասափյանը:
Նրա խոսքերով, «Քաղաքական պաշտոն» եզրույթը ներկայացված է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ընդունում է քաղաքական որոշումներ եւ համակարգում դրանց կատարումը, փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում:
«Այսպիսով, օրենսդիրը, նկատի ունենալով հանրքավեի դրվող հարցերի քաղաքական բնույթը, դրանց ընդունման կամ չընդունման հետևանքները, ի վերջո նման պաշտոններ զբաղեցնողների քաղաքական պատասխանատվությունը, թույլատրելի է համարել ցանկացած ձևով /ուղղակի քարոզչությամբ, քարոզչությունը կազմակերպելու և ղեկավարելու միջոցով և այլն/քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց մասնակցությունը հանրաքվեի դրվող հարցերի քարոզչական գործընթացին:
Հանրաքվեի դրված հարցերի քարոզչության գործընթացին պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց մասնակցության արգելքն էլ հենց այն օրենսդրական երաշխիքն է, որը չեզոքացնում է քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից վարչական լծակների օգտագործման հնարավորությունը»,- նշեց Ա. Հովասափյանը: