Ժամանակ է պետք հասունանալու և ավելի ուժեղ դառնալու համար. հիմա ինձ ոչինչ և ոչ ոք չի կարող կոտրել. Լիլիթ Մուրադյան
LifestyleOrer.am-ի զրուցակիցն է «Առաջին ալիքի» հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը: Մենք նրան ճանաչում ենք միայն էկրանից այն կողմ, իսկ որոշ հետաքրքիր փաստեր Լիլիթի մասին պատմում է հենց ինքը` Լիլիթը:
- Ինչպե՞ս ընտրեցիք հաղորդավարուհու մասնագիտությունը:
- Դեռ դպրոցական տարիքից շատ էի սիրում գրել տարբեր թեմաների շուրջ, և, կարծես, ստացվում էր, ինչպես նաև կարող էի հմտորեն պատմել օրվա դասն այնպես, որ ուսուցչուհին նույնիսկ չէր նկատում, որ պատմածս թեմայի հետ կապ չունի։
Հեռուստատեսությունում աշխատելու որոշումս առաջ եկավ երրորդ կուրսում. մեկ տարի պատրաստվեցի և հայտնվեցի եթերում:

- Ունե՞ք կյանքի հաստատված օրենք:
- Երբեք մի սպասիր դիմացինից օգնություն, հասիր նպատակներիդ ամեն գնով և վայելիր կյանքիդ ամեն մի րոպեն ու վայրկյանը, ձգտիր ավելիին ու գնահատիր այն, ինչ ունես:
- Հիասթափություններ հաճա՞խ եք ունենում, ինչի՞ց կարող եք սրտնեղել:
-Հիասթափություններ չեմ ունեցել արդեն բավական երկար ժամանակ. բանաձևն այն է, որ այլևս չեմ ակնկալում դիմացինիցս վերաբերմունք և չեմ փորձում նվիրվել մարդկանց այնպես, ինչպես կնվիրվեի մի քանի տարի առաջ, իսկ հետո կտառապեի այն փաստից, որ ի վերջո թքեցին զգացմունքներիս վրա։ Ժամանակ է պետք հասունանալու և ավելի ուժեղ դառնալու համար, հիմա ինձ ոչինչ և ոչ ոք չի կարող կոտրել:
- Պատկերացրեք՝ գնում եք մի վայր, որտեղ չկա ոչինչ. անապատ է: 3 բան, որ կվերցնեք ձեզ հետ:
- Ջուր, գիրք և ատրճանակ:
- Ո՞րն է ընտանիքի երջանկության բանաձևը Ձեզ համար:
- Հարգանք՝ միմյանց նկատմամբ, անսահման համբերություն և ազատություն:

- Լրատվական, ժամանցային կայքերը Ձեզ դասում են 10 նորաձև հայտնիների շարքին: Ո՞րն է Լիլիթի նորաձև ու գեղեցիկ լինելու գաղտնիքը:
- Ոչ մի գաղտնիք չկա: Ես չափից շատ եմ սիրում այդ պրոցեսը. սիրում եմ գեղեցիկ հագնվել և չեմ կարողանում անտարբեր անցնել նոր և ոճային իրերի կողքով: Իմ պարագայում դա արդեն վերածվել է կախվածության, փորձում եմ տիրապետել ինձ:
- Ինպե՞ս նախաձեռնեցիք կաշվե թևնոցների ձեռագործությունը:
- Կաշվե թևնոցների հեղինակը ես չեմ, բայց կարող եմ ասել, որ այն մասամբ ընտանեկան նախաձեռնություն էր, ես ինձ վրա վերցրել էի դրանց PR-ով զբաղվելու գործը:

- Ի՞նչ կփոխեիք հայկական հեռուստաեթերում:
- Ես ներկայացնում եմ Առաջին ալիքը, ըստ այդմ, կանդրադառնամ միայն մեր հեռուստաընկերությանը. եթերում միայն պրոֆեսիոնալներ են, ես ապահովում եմ գրագետ և հետաքրքիր եթեր, փոփոխություննեորով զբաղվում են ղեկավարները: Դրական փոփոխությունները շատ են և ակնհայտ, մոտ ապագայում Առաջին ալիքը կդառնա մեր երազանքների հեռուստաաիքը:
Զրուցեց Լիանա Կարապետյանը