Վարդան Ղուկասյանի թեւը բացարձակ ինձ չի խանգարել. Մարտուն Գրիգորյան
Интервью«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կողմ էր քվեարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Թե արդյոք ԲՀԿ խմբակցության պատգամավորը ԲՀԿ-ի հետ միասին կիրականացնի քարզարշավ, Orer.am-ը պարզեց Մարտուն Գրիգորյանից:
- Ազգային ժողովում ես կողմ էի քվեարկել Սահմանադրական բարեփոխումներին, բնականաբար, դա նշանակում է, որ ես «այո»-ի կողմնակից եմ: Պասիվ եւ ակտիվ «այո» լինելը պայմանավորված է իրավիճակով, դեռ նոր կենտրոնական գրասենյակի ղեկավար ու տեղակալ են ընտրել, մարզերում դեռ կառույցներ չեն ձեւավորվել, ճիշտ չի լինի ժամանակից շուտ ասել ես սա կանեմ կամ նա կանեմ:
-Իսկ գյումրեցիներին առհասարակ հետաքրքրո՞ւմ են սահմանադրական փոփոխությունները:
-Այդ հարցին դժվար է պատասխանել, քանի որ քաղաքացիների մոտեցումը մի փոքր այլ է՝ մարդիկ ունեն բազմաթիվ խնդիրներ, եւ հիմնականում զբաղված են դրանք լուծելով:
-Ձեզ էլեկտորատին ինչպե՞ս եք համոզելու, որ ձեր տեսակետը կիսեն եւ «այո» ասեն սահմանադրական փոփոխություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրու նախկին քաղաքապետի հետ ներկայում ձեր հարաբերություններն ավելի լարված են:
-Գյումրու նախկին քաղաքապետի հետ ունեցած հարաբերությունները թե´ ներկայում, թե´ նախկինում որեւէ կապ չունեն սահմանադրական փոփոխությունների հետ: Ինչ վերաբերում է էլեկտորատին, ապա ասեմ, որ այն մարդիկ, ովքեր այսօր փորձելու են գլուխ գովել ու ասել, որ այս է անելու, այն է անելու, կարծում եմ՝ անիմաստ զբաղմունք է, ժողովուրդը լավ գիտի իր անելիքը՝ նա ոչ «այո»-ի կողմնակից է եւ ոչ էլ «ոչ»-ի: Մարդիկ թող չերեւակայեն՝ մտածելով, որ իրենց ասելով «ոչ»-ը «այո» է դառնալու կամ ճիշտ հակառակը: Նկատենք, որ ժողովուրդն այսօր այնքան է քաղաքականացված եւ այնքան լավ գիտի իր խերն ու շառը, որ նա լավ գիտի իր անելիքը, իսկ իմ հետ կապված կարող եմ ասել, որ ես որպես ԱԺ պատգամավոր կողմ եմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, բնականաբար, այն մարդիկ, ովքեր ինձ հավատում եւ իմ ծրագրերի ու աշխատանքների հետ հույսեր են կապում կհասկանան, որ իմ ծրագրերին սատարելու համար այո են ասելու:
-Այսինքն՝ Վարդան Ղուկասյանի թեւը ձեզ չի՞ կարող այդ հարցում խանգարել:
-Վարդան Ղուկասյանի թեւը բացարձակ ինձ չի խանգարել է ոչ էլ նման հասկացություն կա այսօր դաշտում:
Սոսե Չանդոյան