Կօգտվե՞ն արդյոք «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցները քարոզարշավն իրականացնելու անվճար հարթակից
ИнтервьюՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը քաղաքական տարբեր թեւերում գտնվող քաղաքական կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնք որեւէ կերպ ներգրավված են սահմանադրական փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասելու գործընթացում, կոչ է անում մասնակցել իր կողմից կազմակերպվելիք ռեալիթի շոուին: Հեռուստատեսային այս նախագիծը յուրահատուկ է իր տեսակով, այն հնարավորություն է տալիս «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցներին շրջել Հայաստանի ողջ տարածքով եւ 20-22 օր՝ օրը 10-12 ժամ ուղիղ եթերով իրականացնել իրենց քարոզարշավը:
Առաջարկը, ինչ խոսք, գայթակղիչ է եւ խոստումնալից, սակայն արդյոք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երկու թեւի բաժանված քաղաքական դաշտի ներկայացուցիչները կընդունեն քաղտեխնոլոգի առաջարկը: Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ, ով, դրական արձագանքելով առաջարկին, նշեց. «Ես բավական դրական եմ վերաբերվում այդ նախաձեռնություն-առաջարկին, քանի որ ե´ւ «այո»-ի եւ «ո´չ»-ի կողմնակիցները հնարավորություն կունենան շփվել բնակչության հետ եւ բացատրել մարդկանց, թե ինչու են իրենք «այո» կամ «ոչ» ասում: Քաղաքացիները որքան ինֆորմացված լինեն, այդքան ավելի լավ, քանի որ ես չեմ կարծում, որ մարդիկ սահմանադրական փոփոխություններն անգիր են արել եւ մանրամասն ծանոթ են դրան»,- նշեց պատգամավորը:
«Փաստորեն Կարեն Քոչարյանի նախաձեռնությունը քարոզարշավի մասերից մեկն է կազմում: Եթե շտաբը նպատակահարմար գտնի ծրագրին մասնակցելու, ապա այդպես էլ կանենք: Եթե երկու կողմերին հավասար հնարավորություն տան կատարել իրենց աշխատանքը, այն էլ ուղիղ եթերով, ապա ես միայն ողջունում եմ»,-ասաց նա:
«Այո»-ի մեկ այլ կողմնակից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանն էլ նկատեց, որ քաղտեխնոլոգի առաջարկը նոր մոտեցում է քարոզարշավ իրականացնելու համար. «Գաղափարը ողջունելի է, դա նոր ոճի քարոզարշավ է, համենայն դեպս, քաղաքական մշակույթում սա նորություն է եւ կարծում եմ, որ արձագանքներ, իհարկե, կլինեն: Առաջարկը հետաքրքիր է, քննարկում անցկացնելուց հետո մենք կարձագանքենք: Ամենայն հավանականությամբ մենք կմասնակցենք»,- ասաց Վ. Բաբայանը:
Դե, իսկ «ոչ»-ի կարկառուն ներկայացուցիչ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հայտնեց, որ տեղյակ է առաջարկի մասին, սակայն «այս պահին որեւէ հստակ բան չի կարող ասել»:
«Ոտքի´, Հայաստա´ն» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանն էլ հայտնեց, որ վերջնական պատասխանը՝ առաջարկի հետ կապված, կհնչեցնեն վաղը: «Առաջարկը բավական հետաքրքիր է, սակայն ես դա պետք է քննարկեմ մեր թիմի անդամների հետ: Վաղը մենք կհրապարակենք մեր արձագանքը տվյալ հարցի հետ կապված»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան