Չեմ վախենա ասել, որ շատերի համար մեծ մրցակից եմ. Սոնա Շահգելդյան
LifestyleOrer.am-ի զրուցակիցն է երգչուհի Սոնա Շահգելդյանը: Երգչուհին մեզ հետ զրույցում պատմեց իր ամուսնության մասին, սակայն, թե ով է իր ամուսինը, չցանկացավ ասել: Պատմեց նաև իր ձեռքբերումների, առաջիկա պլանների մասին: Մանրամասն ներկայացնում ենք ստորև:
-Սոնա, տարին մոտենում է ավարտին: Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք, և ի՞նչ կորուստներ:
-Ես ամեն տարի նոր ձեռքբերում եմ ունենում: Այս տարի ամուսնացա. Ունեմ ընտանիք, ամուսին: Եվ, իհարկե, ամեն բան առջևում է: Նաև ֆիլմում խաղացի ու էլի շատ ձեռքբերումներ: Առաջ Աստված:
Կորուստներից չեմ սիրում խոսել: Ինձ համար մեծ ցավ էր մորաքրոջս ամուսնու մահը. դա մեզ համար մեծ հարված էր ու կորուստ:
Չեմ ուզում մեր զինվորներին կորցնենք, ուզում եմ միշտ խաղաղություն լինի, հիվանդ մարդիկ չլինեն, մարդիկ լավ ապրեն:

-Կպատմե՞ք Ձեր սիրո պատմությունը:
-Մենք հարսանիք չենք արել, և դա կարևոր էլ չէ: Մեզ համար կարևորն այն է, որ ունենք իրար:
Իմ ամուսինը լավ մարդ է. խելացի է, բարի, աշխատասեր, սակայն համեստ է և չի ցանակնում երևալ շատ վայրերում:
-Ինչպիսի՞ն պետք է լինի կատարյալ ընտանիքը:
- Կատարյալ ընտանիք, կարծում եմ, չի լինում: Բայց դրան կարելի է հասնել խելքով: Պետք է և՛ կինը, և՛ ամուսինը հասկանան իրար, զիջեն, հարգեն իրար ու նվիրված լինեն: Բայց կարևորը սերն է, իսկական սերը: Բոլորի կյանքում էլ դժվար փուլ լինում է. պետք է հաղթահարել: Ես շատ երջանիկ եմ:

-Իսկ կատարյալ կի՞նը:
- Կատարյալ կինը նա է, ով հարգում է ամուսնուն, զիջում է: Պետք է լինել տան կին ամուսնու և երեխայի համար, կարողանալ պատրաստել… լինել լավ տնտեսուհի:
Մեր օրերում կատարյալ մարդիկ շատ քիչ են:
-Ինչպե՞ս եղավ, որ նկարահանվեցիք «Հյուսիս-Հարավ» ֆիլմում, և այն էլ զվարճալի կերպարում:
-Առաջարկ ստացա, ցանակացան, որ հենց ես լինեմ այդ դերում: Իմացա կերպարի մասին, նաև այն, որ ֆիլմում խաղալու են պրոֆեսիոնալներ, միանգամից համաձայնեցի: Եվ, իհարկե, ամեն ֆիլմում չեմ խաղա. պետք է իմը լինի, անելիքս պետք է անկեղծ անեմ, լավ անեմ: Կարծում եմ՝ ֆիլմը և իմ կերպարը ստացված են:

-Սոնա, ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում:
- Նոր եմ վերադարձել Մոսկվայից: Հարսանիքի էի հրավիրված, շատ լավ անցավ: Համերգների և հարսանիքների առաջարկներ կան: Նոր տեսահոլովակ եմ նկարահանել, երգը կոչվում է «Ընտանիք»:
Միշտ աշխատում եմ սիրով և սրտանց:
-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:
-Որոշ մարդիկ շատ չար են, նախանձում են: Չեմ վախենա ասել, որ շատերի համար մեծ մրցակից եմ: Ես հպարտ եմ, որ ինքս շատ բաների ինձնով եմ հասել: Վառ ապացույցը իմ ընտանիքն է:
Ամերիկա գնալս մերժեցին, շատ զարմանալի էր: Չեմ ուզում անուններ տալ, բայց շատերը փորձում են խանգարել ինձ. նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Ես ուժեղ մարդ եմ` ուժեղ հավատքով:
Զրուցեց Լիանա Կարապետյանը