Ինչո՞ւ է Սյունիքի մարզպետը խիստ անտրամադիր շրջում. մեկնաբանում է սյունյաց պատգամավորը
ИнтервьюՍահմանադրական փոփոխությունների քարոզարշավի եւ Սյունիքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված՝ Orer.am-ը զրուցեց Սյունիքի պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ:
-Ինչպե՞ս եք Սյունիքում պատրաստվում անցկացնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քարոզարշավը:
-Քարոզարշավը տեղի է ունենալու այնպես, ինպես բոլոր մյուս շրջաններում՝ հանդիպումներ մարդկանց հետ, մարդկանց հարցերի պատասխաններ, շփումներ: Բնականաբար, մարդկանց պետք է ներկայացնել արդեն նոր Սահմանադրության դրական կողմերը:
- Պարտադրանքներ, բռնաճնշումներ այս անգամ եւ՞ս լինելու են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սյունիքն իր մարզի ղեկավարով փայլում է այդ ոլորտում:
-Սյունքի մարզպետը չի եղել բռնաճնշումների ոլորտում: Օրինակ՝ ձեր գործընկերները մոտ մեկ տարի առաջ ներկա են եղել Գորիսի քաղաքապետի ընտրություններին եւ նրանք փաստեցին, որ ոչ մի ճնշում չկա, կարող եմ կրկնել նրանց բառերը, թե իրենք էլ էին պատկերացնում այնպես, ինչպես խոսվում է, սակայն իրենց կարծիքը 180 աստիճանով փոխվեց:
- Ուզում եք ասել, որ Սյունքի մարզպետը գաղափարական մոտեցումների ջատագո՞վ է:
-Այո, իհարկե, մարդկանց համոզելով, խնդրելով, նրանց բացատրելով ենք առաջ գնում:
-Անցում կատարենք օրերս ՀՀ նախագահի այցին Սյունիք: Նախագահը, չկտրելով Գորիսում վերաբացվելիք հրապարակի կարմիր ժապավենը, թողեց ու հեռացավ, ի՞նչ կասեք այս մասին:
-Այո´, մենք նախագահին ընդունեցինք հավուր պատշաճի, բայց ի՞նչ կարմիր ժապավենի մասին է խոսքը, ի՞նչ հրապարակ:
-Փաստորեն, տեղյակ չե՞ք, թե Սյունիքում ինչ է կատարվում:
-Ճիշտ է, մի անգամ մի հոդված կարդացի… Այդ օրը Կապանում հիվանդանոցի, դպրոցի եւ շատրվանների բացումն էր՝ ըստ նախատեսվածի: Ժողովուրդն այդ օրը հավաքվել էր եւ մարդիկ ասում էին, որ կարող է նախագահը կտրի ժապավենը, մի մասն էլ հերքում էր:
-Լուրեր պտտվեցին, որ նախագահը մտադիր էր կտրել ժապավենը, սակայն լսելով ժողովրդի բողոքներն ու դժգոհությունները՝ զայրացել ու հեռացել է:
-Ո´չ, պարզապես նախագահի շարասյունն այդտեղով անցնելիս է եղել եւ նա կանգնել ու զրուցել է մարդկանց հետ, որի ժամանակ նախագահի առջեւ բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ: Նա լսեց, հանձնարարականներ տվեց, նստեց մեքենան ու գնաց, այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն:
-Դրանից հետո լուրեր էին պտտվում նաեւ, որ նախագահի այդ քայլից հետո Սյունիքի մարզպետը բավական անտրամադիր է շրջում:
-Դրանից հետո Սյունիքի մարզպետը բավական բարձր տրամադրությամբ է, ես դրանից հետո նրա դեմքին անտրամադրության նշույլ անգամ չեմ նկատել:
-Այդ ինչի՞ վրա է այդքան ուրախ, ուրախ է, որ իր որդին հերթական անգամ պլստա՞ց քրեական պատասխանատվության կրումից:
-Այդ ո՞ր ղեկավարն ուրախ չէր լինի, երբ իր ղեկավարության շնորհիվ լավ փոփոխություններ են տեղի ունենում եւ դրա հետ կապված այցելում է երկրի ղեկավարը:
Ինչ խոսք, երբ մարդ սպանություններից եւ աչքհանոցիներից հետո դեռ կարողանում է իրեն սփոփել, դեռ մի բան էլ ավելի՝ հրճվել եւ ուրախանալ իբր իր կողմից կատարված դրական քայլերից, ապա դա վկայում է լուրջ ախտորոշման մասին:
Սոսե Չանդոյան