Թուլությունը, հոգնածության զգացումը, գլխացավը, մկանացավերը, հոդացավերը կարող է վիրուսային հեպատիտ B-ի հետևանքներ լինել
ИнтервьюՆորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ, 2007 թվականից «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի» նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանը Orer.am-ի հետ զրույցում, խոսելով մարդու առողջության համար վտանգավոր վիրուսներից, հեպատիտ B-ի և հեպատիտ C-ի և վիրուսակիրների հայտնաբերման, նրանց հանդեպ հսկողություն սահմանելու և հետագա տարածումը կանխելու մասին, նշեց, որ երկու վիրուսներն էլ բնութագրվում են իրենց աշխարհագրական տարածվածությամբ:
Համաշխարհային ցուցանիշների համաձայն՝ երկրները տարբերակվում են որպես ցածր, միջին և բարձր տարածվածության: Այդ առումով Հայաստանը դասվում է միջին տարածվածության երկրների շարքին՝ վիրուսային հեպատիտ B-ի տարածվածությունը հայ ազգաբնակչության շրջանում 2-3 % է կազմում, իսկ վիրուսային հեպատիտ C-ի տարածվածությունը՝ 3-4 %:
-Տիկին Ղազինյան, դուք նշեցիք թվեր, համաձայն որի, Հայաստանը հեպատիտ B-ի և հեպատիտ C-ի տարածվածությամբ գտնվում է միջին ռիսկայնություն ունեցող երկրների շարքում: Իսկ ո՞ր տոկոսի դեպքում է երկիրը համարվում բարձր ռիսկային:
- Ռիսկային են համարվում հեպատիտ B-ի 8 և ավելի տոկոս կազմող վարակվածության դեպքերը, իսկ հեպատիտ C-ի դեպքում 10 և ավելի տոկոս տարածվածություն ունեցող ցուցանիշները:
-Ինչպե՞ս են հայտնաբերվում վիրուսակրության դեպքերը Հայաստանում:
- Ներկայում գրեթե բոլոր վիրաբուժական միջամտություններից առաջ կատարվում է վիրուսային հեպատիտ B-ով և C-ով վարակվածության հետազոտություն, քանի որ առաջնային խնդիրը վիրուսի հետագա տարածումը կանխելն է: Նման հիվանդներին հայտնաբերելուց հետո նրանք պետք է շարունակեն մնալ բժշկական հսկողություն տակ:
- Վիրուսի հայտաբերումից հետո փոխվո՞ւմ է արդյոք վիրուսակրի կյանքի որակը:
-Վիրուսային հետատիտ B-ն ավելի շատ ունի քրոնիկ ընթացք, որը կարող է ընդամենը արտահայտվել վիրուսակրությամբ: Այն բուժելու կարիք չկա, այլ ընդամենը պահանջվում է վիրուսակրի դիսպանսեր հսկողություն իրականացնել: Ամբողջ աշխարհում 400 մլն հեպատիտ B-ով վարակվածների 1-4 %-ն ինքնուրույն կարող է ազատվել վիրուսից, հետևաբար, մեր նպատակն է նախ՝ հայտնաբերել վարակակիրներին, երկրորդ՝ յուրաքանչյուր 6-ամսյա հետազոտությունների ժամանակ ուշադրություն է դարձվում հիվանդի հետագա առողջությանը: Մի դեպքում այն կարող է ինքնուրույն վերանալ, իսկ մյուս դեպքում վիրուսակրությունը կարող է վերածվել հիվանդության, որի դեպքում արդեն պահանջվում է լուրջ հակավիրուսային բուժում կատարել հիվանդներին:
-Որո՞նք են այն արտաքին նշանները, որը կհուշեն նման վիրուսակրության մասին և ի՞նչ պետք է անել նման դեպքերում:
-Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում ունեցել են այս կամ այն կարգի վիրաբուժական միջամտություն, հատկապես արյան փոխներարկում, ծավալային լուրջ արյունային մանիպուլյացիա, ընդ որում, դա վերաբերում է բոլոր վիրաբուժական մանիպուլյացիաներին՝ գինեկոլոգիա, ստոմատոլոգիա, կոսմետոլոգիական տարբեր միջամտություններ, պետք է նման հետազոտության ենթարկվեն: Վիրուսի տարածումը տեղի է ունենում արյունային գործոնի դեպքում այդ է պատճառը, որ թվարկած վիրաբուժական և կոսմետոլոգիական միջամտությունները համարվում են ռիսկի գործոններ, որի ժամանակ հեպատիտ B-ն, որը նաև կոչվում է արյունային վիրուս, կարող է հայտնվել մարդկանց օրգանիզմում: Ցավոք, միշտ չէ, որ քրոնիկ ընթացքն ունենում է կլինիկա, այսինքն՝ հիվանդների մոտ կարող է լինել թուլություն, հոգնածության զգացում, գլխացավ, մկանացավեր, հոդացավեր, այդ իսկ պատճառով շատ ժամանակ վիրուսակրությունը հայտնաբերվում է բավականին ուշացած դեպքերում, որը կարող է հանգեցնել լյարդի ցիռոզի և լյարդի առաջնային ուռուցքի առաջացման:
-Իսկ աչքերի և մաշկի դեղնածությունը կարո՞ղ են հուշել հեպատիտ B-ի վիրուսակրության մասին:
-Դրանք վերաբերում են սուր հեպատիտներին, իսկ քրոնիկ հեպատիտների դեպքում բնորոշ չէ աչքերի կամ մաշկի դեղնությունը: Այդ դեղնությունը քրոնիկ ստադիայում ավելի բնորոշ է դարձնում լյարդի ցիռոզի և լյարդի առաջնային ուռուցքի հավանականությունը, որը նորից պայմանավորված է հեպատիտ B-ով:
Արմինե Գրիգորյան