ՀԷՑ-ի ներսում «գեներալնի ուբորկա» է, իսկ թիրախում էլեկտրական հաշվիչներն են
ЭкономикаՀամակարգային բարեփոխումների շրջանակում ՀԷՑ-ում սկսել են ստուգել բնակիչ-բաժանորդներին նախկինում տրամադրած թվային էլեկտրական հաշվիչները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանց ժամերը չեն համապատասխանում իրականությանը: Բացի այդ՝ դրանք ավելի արագ են «աշխատում», քան անհրաժեշտ է: ՀԷՑ-ի կողմից թույլ տրված նախկին սխալները շտկելով զբաղված մասնագետների թիրախում սկզբում հայտվել են այն թվային հաշվիչները, որոնք անցած ամիսներին հոսանքի սպառման անհավանական չափերի հասնող թվեր են «արձանագրել»:
Բնակիչները Orer.am-ի հետ զրույցում նշում էին, որ նույնիսկ իրենց շշուկներ են հասել, որ հնարավոր է՝ թվային հաշվիչների սխալ աշխատանքի արդյունքում առաջացած գերավճարների չափը պարզելուց հետո վերահաշվարկի արդյունքում առաջացած «ավելցուկ» գումարները հետ փոխանցվեն բնակիչ-բաժանորդների հաշվին: Եթե այս ձմռան շեմին նման քայլ կատարվի, ապա միանշանակ է, որ բաժանորդների հոգսը բավականին կթեթևանա, բայց իրականում նման որոշում կայացնելու դեպքում ուրիշ շատ ու շատ «բայց»-եր էլ կառաջանան: Ուստի, դրան ականատես լինելու համար դեռ կապրենք ու կտեսնենք, թե իրականում հնարավո՞ր է, որ հայրենասիրական մղումներով պայմանավորված նման «հրաշք» լինի: Իսկ այս պահին առայժմ մեր աչքով տեսած-ֆիքսած հրաշքն այն է, որ ՀԷՑ-ի նոր անձնակազմը իր նախաձեռնությամբ է սկսել էլեկտրական հաշվիչների նախկին կեղծ ժամերի ու ցուցմունքների բացահայտումը և փառք Աստծո, որ այդ ծախսերը չի կապել բնակիչ-բաժանորդների վզին:
Ի դեպ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը Orer.am-ի հետ զրույցում չհերքեց, որ իրոք նման խնդիր եղել է: Ավելին նա նշեց, որ էլեկտրաէներգիայի թվային հաշվիչների ժամերը որոշ տեղերում չեն համապատասխանել իրական ժամերին. «Մեկը մի ժամ առաջ է եղել, մյուսը մի ժամ հետ և հաշվիչի սխալ աշխատանքի հետևանքով տուժել է նաև ընկերությունը: Բաժանորդներին թվում է, որ մեծամասամբ իրենք են տուժում, բայց այդպես չէ: Ընկերությունն էլ էր տուժում, բայց խնդիրը կարգավորվել է և ինչ-որ տեղեր հաշվիչների ժամերը շտկվել են»,- ասաց Ն. Սարջանյանը:
ՀԷՑ-ի մամուլի քարտուղարի խոսքով՝ եթե բնակիչը էլեկտրական հաշվիչի հետ կապված խնդիր է տեսնում, դիմում է ընկերությանը, որից հետո բնակչի հաշվիչը լաբորատոր ստուգման է ենթարկվում, կազմվում է համապատասխան ակտ: Ստուգման արդյունքում, եթե պարզվում է, որ հաշվիչի հետ խնդիր է եղել, ապա վերահաշվարկ է կատարվում, իսկ եթե պարզվում է, որ ամեն ինչ նորմալ է, ապա այն վերակնքվում և վերատեղադրվում է: «Այդ գործընթացը միշտ էլ կա և այնպես չէ, որ հանկարծ այսօր սկսվեց նման աշխատանքը»,- ասաց Ն. Սարջանյանը:
Իսկ եթե դրանից տուժել է նաև ընկերությունը, ինչո՞ւ նախկինում նման բացթողումներ չեն հայտնաբերվել: Պատասխանը, կարծում եմ, որ պարզից էլ պարզ է: Orer.am-ի հարցին, թե բնակիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ թվային հաշվիչների սխալ աշխատանքի արդյունքում առաջացած գերավճարների չափը պարզելուց հետո այդ գումարները պետք է հետ փոխանցվեն բնակիչ-բաժանորդների հաշվին, Ն.Սարջանյանը պատասխանեց, որ չի հասկանում, թե հարցն ինչի մասին է, քանի որ այն կոռեկտ ձևակերպված չէ և եթե այն ավելի կոռեկտ ձևակերպված լիներ և իր համար ավելի հասկանալի, ապա անպայման հարցին կպատասխաներ:
Դե ինչ, եթե նման պարզ հարցերը կարող են հասկանալի չլինել, ապա կարելի է պնդել, որ իրականում խնդիրն այնքան լուրջ է, որ գերադասում են հնարավորինս շեղել, շրջանցել, քան պատասխանել:
Ա.Գրիգորյան