Վրաստանում բնակվող հայերն այլեւս ստիպված չեն լինի այցելել վրաց ուղղափառ եկեղեցի
ОбществоԻնչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում հանդիսավոր արարողությամբ վերաբացվեց վերականգնված Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարը (Բերդի Մեծ եկեղեցին)։ Եկեղեցու վերաօծմանը եւ վերաբացմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորները, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգեւորականներ Հայաստանից եւ Վրաստանից, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրեր եւ թեմի հավատացյալները։
Orer.am-ի հետ զրույցի ժամանակ վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ եկեղեցու վերաբացման գաղափարն առաջացել է դեռ 3 տարի առաջ: «Դեռ երեք տարի առաջ Ռուբեն Վարդանյանը ստեղծեց մի պրոյեկտ, որի իրականացումն սկսվեց Սուրբ Գեւորգ տաճարի վերանորոգմամբ: Պետք է նշեմ, որ տվյալ գործում մեծ ներդրում են ունեցել նաեւ ռուսաստանաբնակ հայեր, ինչպես նաեւ Բիձինա Իվանիշվիլին, ով այն ժամանակ դեռ վարչապետ էր»,- ասաց նա:
Եկեղեցու շինարարական եւ վերականգնման աշխատանքների վրա ծախսվել է ընդհանուր առմամբ՝ 3, 5 միլիոն դոլար: Մինչ օրս 80 հազար հայկական համայնքի բնակիչների համար վերանորոգվել է երկու եկեղեցի՝ Սուրբ Էջմիածինն ու Սուրբ Գեւորգ եկեղեցին: «Պետք է ասեմ, որ Սուրբ Գեւորգ եկեղեցու հարակից տարածքում կան տներ, որոնք պետք է գնվեն, որ ընդհանուր համալիրի տարածքում կառուցվի բիզնես կենտրոն, մամուլի ասուլիսների դահլիճներ եւ այլն: Ամեն ինչ արվելու է, որ հայկական համայնքն ավելի ակտիվանա, կապերն ավելի ամրապնդվեն: Մենք գիտենք, որ այսօր Վրաստանում գտնվող հայերն իրենց որպես տվյալ պետության լիարժեք քաղաքացիներ եւ հանրության անդամ չեն զգում, թեպետ գիտեն տվյալ պետության լեզուն, այս պարագայում եկեղեցիների վերակառուցումը բավական դրական քայլ է»,- նշեց վրացագետը:
«Այս տարիների ընթացքում հայերը ստիպված գնում էին վրաց ուղղափառ եկեղեցի, իսկ այսօր մարդիկ հանգիստ կայցելեն Հայ առաքելական եկեղեցի՝ պահպանելով այն, ինչ եկել է դարերի խորքից: Ժամանակին, եթե եկեղեցիներում տոներին հավաքվում էր 200 հոգի, ապա վերջին անգամ Սուրբ Էջմիածին եկեղեցում պարզապես տեղ չկար, այժմ եկեղեցի են այցելում հազարավոր հավատացյալներ»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ նախագահի՝ եկեղեցու վերաբացման արարողությանը ներկա գտնվելու փաստին՝ Ջոնի Մելիքյանը նկատեց, որ դեռ ամիսներ առաջ էր խոսվում, որ տեղի կունենա եկեղեցու վերաբացումը, որին ներկա կլինեն ՀՀ նախագահը, կաթողիկոսը: «Տվյալ գործընթացում նախագահի մասնակցությունը շատ կարեւոր էր, քանի որ դա մեղմ ակնարկ է, որ երկու պետությունների կողմից մշակութային կոթողների վերաբերյալ հարցերն առաջնային են: Այս կոնտեքստում պետք է նշեմ, որ վերացման եզրին է Թիֆլիսում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին, Նորաշենը: Պետք է նշեմ, որ Հայաստանի միջնորդությամբ որոշում է կայացվել Վրաստանի իշխանության որոշակի գործողություն եկեղեցու պահպանման համար՝ պատերի ամրացում, տարածքի մաքրում եւ այլն: Վրացական ուղղափառ եկեղեցին բավական ազդեցիկ է տվյալ երկրում եւ շատ լավ է, որ եկեղեցու վերաբացմանը ներկա է եղել նաեւ Բիձինա Իվանիշվիլին, քանի որ նա այն անձն է, ով 2004 թվականից մոտ 80 եկեղեցիների վերակառուցմանն է մասնակցել, նա աջակից է եղել վրաց ուղղափառ եկեղեցուն: Նրա ներդրումը ցույց էր տալիս, երկու եկեղեցիների միջեւ ձեւավորված հարաբերությունների մասին»,- ասաց վրացագետը:
Սոսե Չանդոյան