Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետի ու նրա տեղակալի դեմ բողոքողը խոստովանել է
ОбществоՀՀ հատուկ քննչական ծառայությունից Orer.am-ին տեղեկացնում են, որ ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գոհարիկ Սադոյանն իր ընտանիքում առաջացած վեճերը փարատելու համար դիմել է իրավապահներին` հայտնելով, որ 2013թ. փետրվարին «Համադասարանցիներ» կայքի միջոցով ծանոթացել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայող Արթուր Մկրտչյանի հետ, որից հետո նա տևական ժամանակ հետապնդել է իրեն, իսկ 2013թ. նոյեմբերի կեսերին իրեն առևանգել է, տեղափոխել է անմարդաբնակ վայր և զենքի գործադրման սպառնալիքի տակ իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, այնուհետև ստիպել է իրեն նույն բանը կատարել նաև իր տեղակալի հետ: Դրանից հետո՝ մեկ այլ օր, իբր, Ա. Մկրտչյանի հետ զրուցելու ընթացքում վերջինս պահանջել է թմրանյութեր դնել ամուսնու ավտոմեքենայում, որպեսզի նրան քրեական պատասխանատվության ենթարկի, ինքը հրաժարվել է, ինչի պատճառով Ա. Մկրտչյանի կողմից ծեծի է ենթարկվել:
Հիշյալ դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում Գ. Սադոյանը, հրավիրվելով ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Մկրտչյանին և նրա տեղակալ Վահան Թադևոսյանին կրկին մեղադրել է ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Բացի այդ, 2014թ. սեպտեմբերի 19-ին Գ. Սադոյանը մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստահաղորդմանը, հանրությանը ներկայացնելով նույն պատմությունը: Գ. Սադոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ՀՔԾ-ն կատարելով օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն, հարցաքննության է ենթարկել բազմաթիվ անձանց, իրականացրել է առերեսումներ ու քննչական մեծածավալ այլ գործողություններ:
Քննության ընթացքում նշանակվել են նաև այլ տարբեր փորձաքննություններ: Ձեռք բերված փաստական տվյալներով Գ. Սադոյանի հայտնած հանգամանքները լրիվ հերքվել են, հաստատվել է դրանց կեղծ լինելու փաստը, որից հետո, ապացույցների ճնշման տակ, Գոհարիկ Սադոյանը, ի վերջո, խոստովանել է նախկինում սուտ մատնություն կատարելու և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալու հանգամանքը, հայտնել է, որ իրականում իր նկատմամբ երբեք և ոչ ոք ոտնձգություն չի կատարել: Ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար Գոհարիկ Սադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: